Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներձագ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրել էր հանդիպման ռինգում՝ բոքսի օրենքներով մենամարտելու եւ ամենակարեւորը՝ առանց ոստիկանների:
«Իմ քայլ»-ական պատգամավորը Սյունիքում վարչապետի այցի առիթով անհնազանդության գործողություններ իրականացրած քաղաքացիների հանդեպ իրականացվող բռնություններն արդարացրել էր եւ ասել, որ ճիշտ է նրանց ստորացնելով բերման ենթարկելը:
Կարդացեք նաև
Հրաչյա Հակոբյանն ընդունել էր Վահե Հակոբյանի հրավերը եւ այցելել մարզասրահներից մեկը: «Ռինգը Ազգային ժողովն է, ես ձեզ հրավիրում եմ Ազգային Ժողով կամ եթերի՝ մենախոսության, ինչպես դուք ասացիք, բայց ես ուրախ եմ, որ գտաք ձեր տեղը կյանքում՝ ռինգը: Առաջարկում եմ մտնեք ռինգ, ռինգից դուրս չգաք, որովհետեւ քաղաքականության մեջ ոչինչ չունեք անելու, դուք պատկերացնում եք հարցերը լուծել ռինգում, իմ ասելիքն այսքանն էր:
Ես քաղաքական գործիչ եմ: Ես կարծում եմ, որ եթե դուք փոքր ժամանակ գնացած լինեիք լողի, ինձ չէիք հրավիրելու, որ գնանք 100 մետր կրոս լողանք եւ տեսնենք, թե ով է առաջին տեղը գրավելու: Ես չեմ եկել ռինգ մտնելու եւ բոքսի օրենքներով կռվելու, առավել եւս, որ բոքսի օրենքները չգիտեմ: Եվ եթե հանկարծ մտնեի ռինգ, ձեզ հետ մենամարտեի, միգուցե օրենքներից դուրս մի բան կանեի, որը հետագայում իմ դեմ կլիներ: Կրկնում եմ՝ ես քաղաքական գործիչ եմ, դրա համար ձեզ հրավիրում եմ եթերում, հեռուստատեսության տաղավարում բանավիճել, երկխոսել կամ ինչպես դուք եք ասում՝ մենախոսել»,-ասաց Հրաչյա Հակոբյանը եւ հեռացավ մարզասրահից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ