Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդընի՝ Եղեռնի ոգեկոչման 106-ամյակի առիթով Սպիտակ Տան ուղերձում «Ցեղասպանություն» բառի օգտագործումը:
Պատմական փաստի ճշգրիտ բնութագրումը առաջին հերթին կսրբագրի ԱՄՆ նախորդ վարչակազմերի բացթողումը և ընդմիշտ վերջ կդնի Ցեղասպանության հարցի շահարկման տխուր ավանդույթին, ինչպես նաև ամենամյա սպասումներին և հուսախաբություններին, որոնց ենթարկվում էին ամերիկահայ համայնքը և համայն հայութիւնը:
Այս կարևոր իրադարձությունը առավել եւս իմաստավորում է այսօր՝ ի տես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմի ընթացքին Թուրքիայի ունեցած դերակատարության և հայ ժողովրդի դեմ դրսևորած բացահայտ թշնամական վերաբերմունքին: Միաժամանակ, սա աներկբա մերժումն է թրքական իշխանությունների վարած ժխտողական քաղաքականության և հստակ ուղերձ, որ տասնամյակներ երկարող քաղաքական սպառնալիքների և ապատեղեկատվության արշավը ձախողված է և եկել է սեփական պատմության հետ առերեսվելու պահը:
Այս առիթով, մեր երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Բայդընին, որ ճշմարտությունը և մարդկային արդարությունը վեր դասելով քաղաքական նկատառումներից՝ քաջությունը ունեցավ պաշտոնապես ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Լիահոյս ենք, որ այս դժվարին հանգրվանին, ԱՄՆ վարչակազմը կընդլայնի Հայաստանի և Արցախի զարգացմանն ու բարգաւաճմանն ուղղված օժանդակությունը, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակից ներս կբազմապատկի իր ջանքերը՝ ի խնդիր Արցախի հարցի բարվոք լուծման, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրայ:
Կարդացեք նաև
Այս պատեհ առիթը պետք է նաև խթան հանդիսանա մեզ, որպեսզի առաջ անցնելով Ցեղասպանության ճանաչման հանգրվանից, լծվենք մեր իրավունքների վերականգնման գործնական հայեցակարգի ստեղծման: Իսկ այդ դժվարին առաջադրանքը կկարոտի մարդկային և նյութական հսկայական միջոցների, որ միայն կարող է հնարավոր դառնալ միասնականության և համայն հայության կարողականության համատեղման շնորհիվ:
Բյո՛ւր հարգանք` Ցեղասպանության և Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին:
Ս.Դ.Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն