2021 թ. ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ կազմակերպել էր միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման խորագիրը խորհրդանշական էր՝ «106-րդ գարուն»։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը ելույթ ունենալով, շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր այսօր համերաշխ են հայերի հետ: Արա Աբրահամյանը խոսել է անցյալը թոթափելու և ապագան կերտելու նոր հնարավորությունների, այդ հարցում երիտասարդության կարևոր դերի մասին՝ ընդգծելով միավորվելու ու սեփական բացթողումները գիտակցելու անհրաժեշտությունը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը, որը նշել է՝ պետք է չամաչել եւ փաստել, որ կարեւորագույն խնդիրը ՀՀ-ում ներկա իշխանությունը փոխելն է։