Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 25,2021 10:46
cicernakaberd

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել  իտալացի մի շարք քաղաքական գործիչներ:

Պատգամավորների պալատի անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինին իր ելույթում խոսել է ցեղասպանության զոհ դարձած քրիստոնյա նահատակների մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության մասին՝ ընդգծելով, որ «այժմ հայկական այլ հողերն ու հայկական երիտասարդ ժողովրդավարությունն է գտնվում սպառնալիքի տակ»:  Խոսելով Հայաստանին սպառնացող պանթուրքիզմի մասին՝ Ֆորմենտինին նշել է. «Պետք է կանգնենք հայկական երիտասարդ ժողովրդավարության կողքին»:

Ելույթով հանդես է եկել նաև սենատոր Ալբերտո Աիլորան, որը նշել է. «Ապրիլի 24-ը անմարդկային դաժանության ենթարկված անմեղ տղամարդկանց, կանանց ու  երեխաների հիշատակի օրն է»:

Մի խումբ սենատորներ և պատգամավորներ հանդես են եկել տեսաուղերձով, այդ թվում Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ստեֆանիա Կրաքսին, ով հայկական ցեղասպանությունը անվանել է  «մայր» ցեղասպանություն՝ նշելով, որ  «այն իրական հանցագործություն է մարդկության դեմ»:

Օրեր առաջ ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ էր հղել նաև Լեգա կուսակցության առաջնորդ՝ Սենատոր Մատեո Սալվինին, որը Հայոց ցեղասպանությունը համարել է պատմության մեջ տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը՝ ընդգծելով. «Ես օգտագործում եմ մի բառ, որը Թուրքիայում ազատազրկման պատճառ կարող է դառնալ»: Իր խոսքում սենատորը հույս է հայտնել մոտ ապագայում լինել Հայաստանում՝ այն բնորոշելով որպես «հպարտ, քաջ և ազատ երկիր»:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն, ով տեսաուղերձով իր համերաշխությունն է հայտնել հայերին, կոչ է արել իր բոլոր եվրոպացի քույրերին և եղբայրներին «միանալ հայ ժողովրդին՝ հիշելով և ոգեկոչելով այս վայրագության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը»։

Տեսաուղերձով են հանդես եկել նաև պատգամավորներ Էմիլիո Կարելլին և Մաուրիցիո Լուպին:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930