Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի հանդեպ Եվրոպայի բարեհաճությունն ինքնասպանություն է․ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ

Ապրիլ 25,2021 00:16
lrutyun

Հակառակ թվացյալին, Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որը ոգեկոչում ենք ապրիլի 24-ին, չափազանց արդիական է։ Հիրավի, կարելի էր մտածել, որ ճանաչելով փաստերի իրողությունը՝ թեկուզև ուշացումով, Բելգիան և եվրոպական այլ պետություններ կմտահոգվեին ժխտողական Թուրքիայի ներկայացրած եզակի սպառնալիքով։

Իրականում, կար անհանգստանալու պատճառ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին հենց թուրքական բանակը ղեկավարեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծված հարձակումը՝ կառավարելով Ադրբեջանի զինված ուժերը։ Այդ պատերազմը հակադրեց ցեղասպանության զոհերի ժառանգներին և դահիճների հետնորդներին երկու հզոր բռնապետության, որոնք պաշտոնապես ատելություն են սերմանում հայի և փոքր ժողովրդավարության դեմ։ Նախահարձակ հակառակորդի կամքի մեջ հայերը տեսան էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որին ենթարկվել էին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստերն այլ կերպ չէր տեսնում։ 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում հաղթանակի տոնակատարությունների առիթով նա հիշատակեց Էնվեր Փաշային՝ 1915թ. ցեղասպանության պարագլուխներից մեկին, և Կովկասի իսլամական բանակը, որը տարածաշրջանում շարունակեց Թուրքիայում իրականացված զտումները։ Դա թերևս հավասարազոր է, որ Անգելա Մերկելը արժանին մատուցեր Հայնրիխ Հիմլերին և ՍՍ-ին։

Այո, Թուրքիայում փայփայում են ցեղասպանների հիշատակը։ Եվ միանգամայն բնական է, որ Էրդողանի ծրագիրը ներգրավում է ժամանակակից թուրք ազգի անարժան հայրերի գործի շարունակականության մեջ՝ գաղափարախոսություն, որը երբևէ չի մերժվել։

Ուստի, Եվրոպան ոչ միայն ոչինչ չարեց՝ պաշտպանելու համար Թուրքիայի կողմից վտանգված բնակչությանը, այլև բացարձակ ոչինչ չասեց։ Եվրոպան չդատապարտեց ո՛չ լայնածավալ հարձակումը, ո՛չ ռազմական հանցագործությունները, ո՛չ արգելված զենքի կիրառումը, ո՛չ սիրիացի ջիհադականների ներգրավումը, ո՛չ էթնիկ զտումները։ Հակամարտությունից հետո ավելին չասեց, ոչ էլ գործեց՝ Ադրբեջանում դեռևս անազատության մեջ պահվող ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու, վերջիններիս խոշտանգումները կամ սպանությունները կանխելու կամ վտանգված հոգևոր ճարտարապետական ժառանգությունը ոչնչացումից փրկելու համար։

Անշուշտ, ընդունված է համարել, որ Եվրոպան առաջնահերթ պետք է զբաղվի իր ներքին խնդիրներով և թողնի Թուրքիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին եղանակ ստեղծել իր ծայրամասում։ Սակայն, հարկ է գիտակցել, որ այսպես ձեռքերը լվանալով, շուտով ստիպված կլինի նաև հրաժարվել իր մարմնավորած արժեքից՝ որն է մայրցամաքի մակարդակով մարդասիրական ու ինտերնացիոնալիստական իդեալ և տևական խաղաղության, մարդու իրավունքների ու մշակույթների միջև փոխհարաբերման առհավատչյա հանդիսանալը։

Եթե ճանաչեինք պատմությունը, ավելի լավ կգիտակցեինք վտանգի բնույթը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաղթողներն, ըստ էության, խստորեն դատեցին պարտվողներից ոմանց՝ Գերմանիային, Ավստրիական կայսրությանը և Հունգարիային։ Սակայն, ձգտելով զսպել Բոլշևիկյան Ռուսաստանը, նրանք նախընտրեցին գործարքի գնալ թուրք ազգայնական առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ՝ ի հեճուկս վերջինիս երկրում իրականացված հանցագործությունների։ Այդժամ, բրիտանացիները հրաժարվեցին դատել 1915թ. ցեղասպանության մեղավորներին, ովքեր, սակայն, իրենց ձեռքերում էին, և ստորագրեցին Լոզանի համաձայնագիրը, որում հայերի մասին նույնիսկ չէր հիշատակվում։

Միևնույն ժամանակ, պարտված և նվաստացած Գերմանիայում հիացմունքով էին հետևում թուրքական արկածախնդրությանը։ Թուրքական զինված ուժերում ծառայում էր ոմն Հանս Թրյոբստ անունով սպա։ Վերադառնալով Գերմանիա՝ նա գրում է մի շարք հոդվածներ «Heimatland » օրաթերթի համար, որոնցում իր հայրենակիցներին գովերգում է թուրքական մոդելը։ « Փոքր Ասիայում հանգամանքները նույնն էին, ինչ այստեղ [Գերմանիայում], օրինակ գրում է նա։ Թուրքական ազգային մարմնի տզրուկներն ու մակաբույծները հույներն ու հայերն էին։ Նրանք պետք է ոչնչացվեին և վնասազերծվեին »։ (15 հոկտեմբերի 1923թ.) Ընթերցելով Թրյոբստի հոդվածները՝ Հիտլերը վերջինիս հրավիրում է հանդիպման, որից հետո գրում նրան « Արդյո՞ք այն, ինչին ականատես եք եղել Թուրքիայում, մենք պետք է իրականացնենք ապագայում հանուն մեր ազատագրման»։ Ի դեպ, Հիտլերն անվերջ բոլորին կրկնում էր, որ իր երկու չափանիշներն էին Բենիտո Մուսոլինին և Մուստաֆա Քեմալը։ Այդժամ գործի է դրվում պատմական նենգադավ մեխանիզմը և, այսպիսով, բարբարոսությունը, որը հաջողությամբ պսակվել էր Անատոլիայում, պատուհասում է նաև Եվրոպան։

Թուրքական փորձի և նացիզմի միջև կապը քողարկվել է մեկդարյա ժխտողականությամբ։ Մինչդեռ այն պետք է նախազգուշացում հանդիսանար։ Եթե 1945թ. հետո Եվրոպան որոշեց հրաժարվել էթնիկ զտումներից և ավտորիտարիզմից, ապա մոդելը, որով այդքան հիանում էին Թրյոբստն ու Հիտլերը, շարունակում է մնալ հիմնարար Թուրքիայում»

Իր վերջին «Քաղաքակրթությունների խորտակում» աշխատությունում գրող Ամին Մաալուֆը կարոտով նկարագրում է արդեն կորսված աշխարհը՝ բազմամշակույթ Միջին Արևելքը, որտեղ ժողովուրդներն ու դավանանքները խաղաղ գոյակցում են։ Հայերին քաջ ծանոթ այդ Միջին Արևելքն այսօր հրի և սրի է մատնված, իսկ նրա փոքրամասնությունները՝ ոչնչացված և վտարված։ Ամին Մաալուֆը մեզ զգուշացնում է, որ այսժամ « գործի է դրվել մեխանիզմը»«Լևանտի (Արևելք, Մերձավոր Արևելքի երկրներ) լույսերը մարեցին, գրում է նա։ Ապա խավարը սփռվեց մոլորակով մեկ։ Եվ իմ տեսանկյունից, դա լոկ պատահականություն չէ»։

Թուրքական պետությունը մեխանիզմի հիմնական անիվներից մեկն է։ Հիրավի, թուրքական մոդելը ուժի և գերիշխանության կապի մշտական փնտրտուքն է։ Ցանկացած զիջողականություն նրա համար թուլության նշան է՝ հետևաբար արհամարհում է կայունության և հավասարակշռության որոնումը, վստահության, փոխզիջման և համընդհանուր կանոնների կապը։ Հենց այս քաղաքական մշակույթն է Էրդողանին խանգարում բարեխղճորեն բանակցել իր հարևանների հետ, ինչով էլ բացատրվում է Թուրքիայի հարևանությամբ՝ Բալկաններից մինչև Միջին Արևելք, այդչափ հակամարտությունների առկայությունը ։

Նման կեցվածքը հանգեցնում է ամենադաժան ճնշման և էթնիկ զտումների, երբ գերիշխում է Թուրքիան, և մշտական բախումների, երբ բաղձալի գերիշխանությունը դեռ ձեռքբերված չէ։

Ուստի, վերջին քսան տարիների ընթացքում ոչինչ չի արվել Թուրքիային այդ չարիքից բուժելու համար, քանզի Եվրոպան պարբերաբար խուսանավել է խնդրահարույց թեմաներից։ Փոխանակ Թուրքիային փոխելու փորձ արվեր, մենք Էրդողանին թույլ տվեցինք հզոր ցանցերով ներթափանցել բուն Եվրոպա, այնտեղ տեղակայել իր դրածոներին և սպառնալ իր հակառակորդներին և փոքրամասնություններին։ Նա օգտագործում է փախստականների սպառնալիքը Եվրամիությանը շանտաժի ենթարկելու համար և մեկը մյուսի հետևից քաղաքական հարձակում նախաձեռնում իրեն հակազդող եվրոպացի առաջնորդների և եվրոպական պետությունների դեմ։

Եվրոպայի քաղաքացիներն, իրենց հերթին, տեսնելով, թե ինչ հեշտորեն է Եվրոպան զիջում Էրդողանին և հրաժարվում սեփական արժեքներից՝ կորցնում են վստահությունը։ Վերջերս Անկարայում Շառլ Միշելի և Ուրսուլա վոն դեր Լեյենի մասնակցությամբ տեղի ունեցած « Sofagate »-ի միջադեպը ակներև ի ցույց դրեց, բոլոր նրանց համար, ովքեր այս առնչությամբ կասկածներ ունեին, Եվրոպայի սիրողականությունն ու անմիաբանությունն ընդդեմ հզոր Անկարայի։

Հայերը շատ ցավագին ընդունեցին Եվրոպայի լռությունն ու անտարբերությունը պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Այս ապրիլի 24-ին մենք կհիշենք, որ հատկապես Թուրքիայի պատմության վերաշարադրումը և Հայոց ցեղասպանության քաղաքական հետևանքների մոռացումն էին, որ խանգարեցին եվրոպական էլիտաներին ընկալել Եվրոպային սպառնացող վտանգի բնույթը և ժամանակին հակազդել։

Նիկոլա Տավիթյան
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ

Հոդվածի ֆրանսերեն տարբերակը տպագրվել է բելգիական հայտնի La Libre Belgique պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930