Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եւ այդ ոճրագործությունն իր ճշգրիտ անունով կոչելու համար․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Ապրիլ 24,2021 23:56

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ուղերձը՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարության վերաբերյալ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակիցների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եւ այդ ոճրագործությունն իր ճշգրիտ անունով կոչելու համար:

Նախագահ Բայդենի հստակ հայտարարությունը հետեւում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի H. RES. 296 բանաձեւի քվեարկության (հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձանագրությունները) եւ ԱՄՆ  Սենատի S. RES. 150 բանաձեւի քվեարկության (բանաձեւ, որն արտահայտում է ԱՄՆ Սենատի մոտեցումն առ այն, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման եւ հիշատակման միջոցով) Այս քայլը կարեւոր է ոչ միայն հայերի ու ամերիկացիների համար, այլեւ աշխարհի բոլոր ազգերի, որոնք հավատարիմ են նման ողբերգությունները կանխելու հանձնառությանը:

Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիան խլեց 1.500.000 անմեղ հայի կյանք: Մեկ դար առաջ հայերի կյանքը փրկած եւ նրանց փրկությանն օժանդակած հերոսները մեզ մղում են պայքարելու նրանց դեմ, ովքեր այսօր են գործում  նման չարիքներ: Դրանով մենք ասում ենք՝ «այլեւս երբեք»: Այդ հերոսների հիշատակն ու օրինակը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, Ցեղասպանության տարիներին ցուցաբերել են բացառիկ խիզախություն՝ փրկելու ուրիշներին, մեր այսօրվա աշխատանքի ներշնչանքն են:

Այն կոչվել է Հայոց ցեղասպանությունից փրկված եւ իր պատմությամբ հայտնի Ավրորա Մարդիգանյանի անունով, որը փախել էր Միացյալ Նահանգներ եւ իր կյանքը նվիրել այդ ողբերգության մասին իրազեկման գործին: Նրա ջանքերը եւ Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի աշխատանքը Ցեղասպանությունը վերապրածների անունից միջազգային մարդասիրական միջամտության ցայտուն օրինակ են:

Հայերը կարողացել են հաղթահարել մեկ դար առաջ իրենց պատած հուսահատությունը. մեզնից շատերն օգտվել են մեզ հյուրընկալած երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների առատաձեռնությունից եւ ընդունելությունից: Այսօր միլիոնավոր փախստականներ անցնում են նույն ճանապարհով, քանի որ, ցավոք, չեն նվազել այն վայրագությունները, որոնք մարդկանց ստիպում են լքել իրենց տունը՝ անվտանգ վայր գտնելու համար։ Աշխարհը պետք է ոտքի կանգնի ու քայլ անի, եւ «Ավրորայի» համաշխարհային շարժումը դարձել է ամենախոցելի խմբերի առաջատար ձայներից մեկը: Անշուշտ, գործողություններն ավելի կարեւոր են, քան բառերը, ուստի նախաձեռնությունն արդեն օգնել է ավելի քան 1.000.000 մարդու ամբողջ աշխարհում՝ ճանաչման արժանացնելով մերօրյա հերոսներին, որոնք վտանգում են իրենց կյանքը, առողջությունը կամ ազատությունն ուրիշներին օգնելու համար։

«Ավրորայի» գլխավոր նպատակն է ոչ միայն հիշել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, այլեւ երախտագիտություն հայտնել նրանց փրկողներին: «Ավրորայի» գործունեության հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» համամարդկային գաղափարն է, ինչը նշանակում է, որ ճգնաժամի պայմաններում օգնություն ստացած անթիվ մարդիկ ամբողջ աշխարհում կարող են արտահայտել իրենց երախտագիտությունը՝ օգնության ձեռք մեկնելով մեկ ուրիշի:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930