Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ բարեխոսական կարգ

Ապրիլ 24,2021 23:28

2021 թվականի ապրիլի 24-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների,  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, թեմի հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ բարեխոսական կարգ:

Եկեղեցական արարողությանը  ներկա էին  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների  ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ:

Ներկաները  մոմեր վառեցին սուրբ նահատակների  հիշատակին: Իսկ թեմի «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ձայնակցեցին Սուրբ խորանից հնչող «Տերունական աղոթքին»:

Հընթացս  Սուրբ կարգի,  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը ներկաներին ուղղված իր խոսքում արձանագրեց  20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը, անդրադարձ կատարեց 2020 թվականի սեպտեմբերյան 44-օրյա պատերազմին, որտեղ կրկին  մահասարսուռ արհավիրքի զոհ դարձավ հայ ժողովրդի մի զանգվածը՝ Արցախի բնակչությունը, որտեղ շարունակվեց թշնամու բարբարոսական քաղաքականությունը՝ հողին հավասարեցնելով հայկական մշակութային, պատմական և հոգևոր կոթողները:

Խոնարհվելով  Հայոց Ցեղասպանության մեկ ու կես  սրբադասված նահատակների հիշատակին, Հայր Սուրբը թբիլիսահայությանը սիրո և միասնության կոչ արեց, հորդորեց դասեր քաղելով  Մեծ Եղեռնի և  ոչ հեռավոր դեպքերից, չբաժանել  ազգին և ժողովրդին, այլ  ամենուրեք հպարտությամբ կրել հայի անունը:

Հավարտ բարեխոսական կարգի, ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի խաչքարի մոտ:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ և բարեխոսական կարգ կատարվեց  Վիրահայոց թեմի տարբեր եկեղեցիներում,  բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930