Նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ մերժելով Ամերիկայի պատմության մեջ օտարերկրյա ամենաերկար արգելանքը և լուրջ հարված հասցնելով այս ոճրագործության արդարադատությանն ուղղված Թուրքիայի դարավոր խոչընդոտմանը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է այս քայլը:
Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին և ՆԱՏՕ-ի գծով տասնյակ դաշնակիցների՝ նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն Ամերիկայի մեղսակցության դարաշրջանին:
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ այսօր նախագահ Բայդենի ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը, որը շրջանցում է Անկարայի արտաքին վետոն այս ոճրագործության ամերիկյան ազնիվ հիշատակման դեմ, մղում է Ամերիկային դեպի վաստակած արդարության և հայ ազգի ապագայի համար անհրաժեշտ անվտանգության կողմը. Հայաստանը պետություն է, որը չունի ելք դեպի ծով, շրջափակված է և ցեղասպանություն վերապրած»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է համագործակցել Բայդենի վարչակազմի հետ՝ օգտագործելու այս հայտարարությունը տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հիմնարար վերափոխման նպատակով՝ առաջնահերթ դարձնելով Արցախի գոյատևումը, Հայաստանի անվտանգությունը, և տարածաշրջանում արդար ու տեւական խաղաղության հաստատումը՝ հիմնված Հայոց ցեղասպանության արդարացի լուծման վրա»,-հավելել է Րաֆֆի Համբարյանը:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես կարևոր է այսօր՝ Հայաստանի և Արցախի դեմ անցյալ տարի աշնանը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ինքնաբուխ, ցեղասպան հարձակումներից հետո, որոնք հանգեցրին տարածաշրջանում մարդասիրական աղետի, այդ թվում՝ շուրջ 100.000 հայերի տեղահանությունը, Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիների շարունակվող բանտարկությունը, և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան վերսկսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքները:
Նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը դրդում է Ամերիկային դեպի հետևողական քաղաքականություն, որն էապես աջակցում է Արցախի գոյատևմանը և Հայաստանի անվտանգությանը, միևնույն ժամանակ, վճռականորեն մարտահրավեր է նետում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ ագրեսիային: Այս ոճրագործության համաշխարհային դատապարտման հետ մեկտեղ՝ ԱՄՆ ճանաչումը նաև մեկուսացնում է Թուրքիային և խարխլում նրա ժխտողական քաղաքականությունը՝ ավելացնելով ճնշումն Անկարայի վրա՝ դադարեցնելու իր ստի արշավը և արդարադատության խոչընդոտումը, նաև դուռ է բացում՝ ժամանակակից Թուրքիայի կողմից օրինական, բարոյական, քաղաքական և տարածքային պարտականությունների կատարման ու այս դեռ անպատիժ մնացած հանցագործության ճշմարտացի, արդար և համապարփակ լուծման համար:
Հայոց ցեղասպանության ճանաչումը հարգում է զոհերի և փրկվածների հիշատակն ու արժանապատվությունը: Ավելի լայն իմաստով՝ մերժում է որպես առևտրի գործիք մարդու իրավունքների օգտագործումը: Ցեղասպանության և ոճրագործության կանխարգելումը հասցնելով բարոյական ու քաղաքական հրամայականի մակարդակի՝ այս ճանաչումը հարգում է անցյալի ու ներկայի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը, նվազեցնում նոր վայրագությունների հավանականությունն ապագայում:
Նախապատմություն
Միացյալ Նահանգներն առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին՝ ամերիկյան կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության միջոցով։
Նախագահ Ռոնալդ Ռեյգանը Հայոց ցեղասպանության մասին հիշատակել է 1981 թվականի հռչակագրում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական ակտեր է ընդունել 1975, 1984 և 1996 թվականներին: 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճնշող մեծամասնությամբ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: 1965 թվականից սկսած՝ ամերիկյան 49 նահանգներ՝ բացի Միսիսիպիից, բանաձևի կամ հռչակագրի միջոցով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
1915-1930 թվականներին Միացյալ Նահանգները մարդասիրական աննախադեպ օգնություն է ցուցաբերել՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին փրկելու համար: Կոնգրեսի մանդատը ստացած «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն» մոբիլիզացրեց բոլոր ամերիկացիներին և, փաստացի, ամբողջ աշխարհը՝ լավ կազմակերպված և ֆինանսավորված օգնության ծրագրի շուրջ, ինչը փրկեց հայ և քրիստոնյա այլ փոքրամասնությունների մոտ 1 միլիոն փախստականների և 132 հազար որբերի կյանքը: «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն» հավաքեց 117 միլիոն դոլար (այսօր դա հավասար է 2.7 մլրդ դոլարի) և կառուցեց շուրջ 400 մանկատներ, սննդի և հագուստի բաշխման կենտրոններ, բժշկական հաստատություններ, հիվանդանոցներ, նաեւ մասնագիտական ուսուցման դպրոցներ ամբողջ Մերձավոր Արեւելքում՝ փրկվածներին ապաստանելու և նրանց խնամելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ