ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը որակել է որպես ցեղասպանություն:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքերը, ովքեր զոհվեցին Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, և հանձնառություն ենք ստանձնում կանխելու երբևէ նման վայրագության կրկնությունը: Սկսած 1915 թ. ապրիլի 24-ից, երբ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականության և համայնքի ղեկավարները, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի հանվեցին բնաջնջման արշավում: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության բոլոր ձևերի քայքայիչ ազդեցության դեմ:
Ողջ մնացածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և նոր կյանք ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անթիվ եղանակներով, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որն իրենց նախնիներից շատերին բերեց մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու համար, այլ ապահովելու, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:
Այսօր, երբ սգում ենք կորուստը, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքը արժանապատիվ և անվտանգ: Եկե՛ք թարմացնենք մեր ընդհանուր վճռականությունը` կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք ապահովենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար:
Կարդացեք նաև
Ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք են մատուցում բոլոր այն հայերի առջև, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ»,- ասվում է ուղերձում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ