Այսօր Մատենադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» մրցանակաբաշխության 2021 թ.-ի հերոսների անունները։
Ըստ կազմակերպիչների, մրցանակաբաշխությանն այս տարվա համար ստացվել են hարյուրավոր հայտեր, որոնցից սակայն 5-ին է հանձնաժողովը ճանաչել հերոսներ, որոնցից մեկը կարժանանա «Ավրորայի» 1 միլիոն դոլար մրցանակին:
Այդ գումարը, համաձայն ավանդույթի, մրցանակակիրը իր նախընտրած կազմակերպությունների միջոցով կբաշխի աշխարհի տարբեր վայրերում կարիքավոր մարդկանց:
Կարդացեք նաև
Հինգ հերոսներն են՝ Գրեգուար Ահոնգբոնոն, որը զբաղվում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժմամբ ու իրավունքների պաշտպանությամբ, Ջուլիեն Լուսենգենը, որը երկար տարիներ է զբաղվել է Կոնգոյի սեռական բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությամբ ու վերաինտեգրմամբ, եմենցի բժիշկ Աշվանք Մոհարամը, որը զբաղվում է ճգնաժամում հայտնված եմենցիների փրկությամբ, Ռուբի Ալբա Կոստանյոն, որը զբաղվում է հարկադիր տեղահանված եւ անհետացած կոլումբիացի գյուղացիների իրավունքների պաշտպանությամբ եւ Փոլ Ֆայմերը, որը Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս է: Նա ժամանակակից բժշկության միջոցները հասանելի է դարձնում բոլոր կարիքավորներին։
«Ավրորայի» հերոսների ընտրության միջոցառմանը մասնակցել են Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, սոցիալական ձեռներեց եւ վենչուրային բարերար Ռուբեն Վարդանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ