Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլ 24,2021 19:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության:

Նախարար Պետրիդեսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի նախագահի ողջույնները և պատիվ  համարել խորհրդանշական այս օրը Հայաստանում լինելը, բարեկամ հայ ժողովրդի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը», – նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է շարունակում մնալ հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը, որոնց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Նախարար Պետրիդեսը Կիպրոսի զորակցությունն է հայտնել Հայաստանին այս գործում:

Կողմերը համակարծիք են եղել, որ ներկայիս իրողությունների և աճող մարտահրավերների պայմաններում պետք է ակտիվ աշխատել՝ բազմաոլորտ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ: Քննարկվել են պաշտպանության, կրթության, տեխնոլոգիաների, ոլորտներում  փոխգործակցության զարգացմանը, հայ-կիպրական համաժողովի անցկացմանը, զբոսաշրջային կապերի խթանմանը, օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, նաև դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930