Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք նահատակ փոքրիկ Ջրառատից․ հերոսներից Աշոտը խոցել էր թշնամու 7 զրահատեխնիկա

Ապրիլ 24,2021 19:17

Շիրակի մարզի Ջրառատ գյուղը, որն ունի ընդամենը 1236 բնակիչ, երեք  հերոսներ է տվել  արցախյան երկրորդ պատերազմում․ Աշոտ Պետրոսյան, Գևորգ Կիրակոսյան, Գրիգոր Թորոյան․․․

Այսօր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան հանձնեցին  հերոսներից մեկի՝ Աշոտ Էդվարդի Պետրոսյանի ընտանիքին։ Նահատակված 23-ամյա Աշոտը խոցել էր թշնամու 7 զրահատեխնիկա։ Շքանշանը հանձնվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու նրա հրամանատարի կողմից։

Հրամանատարը մեզ հետ զրույցում  պատմեց, որ  պատերազմը սկսվելուն պես՝ Աշոտը ճիշտ, հստակ կատարել է մարտական գործողությունները, արագ կողմնորոշվել ու  նախաձեռնողականություն ցուցաբերել։

«Շատ գրագետ մարտավար էր, արագ կողմնորոշվելով, ճիշտ կրակային դիրք, բնագիծ ընտրելով՝ կարողացել է հակառակորդի զրահատեխնիկայի խոցում իրականացնել, տարբեր զրահատեխնիկա՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ։ Իր խնդիրը կարողացավ գերազանց կատարել»,- ասաց հրամանատարը։

Աշոտը  անմահացել է հոկտեմբերի 24-ին Հադրութում՝ հակառակորդի հարձակումից արկի բեկորային ծանր վնասվածք  ստանալով։

Աշոտի մայրն էլ պատմեց, որ որդին ավարտել էր ճարտարագիտական համալսարանը։ Նա իր մինուճար որդին էր, երկու քույրեր ունի։  Աշոտն ասել է՝ գնամ բանակ, ամենակարևորը ծառայելն է, նոր կմտածեմ ապագայի պլանների մասին։

Հերոսը ծառայել է մեկ տարի երեք ամիս, պատերազմի ժամանակ արդեն սերժանտ էր։ Նա պատերազմի ժամանակ հակատանկային գումարտակի հրամանատար է եղել,   18-19 տարեկաններին չի թողել առաջ մղվել, ինքն է պաշտպանել  նրանց։

«Վերջին  անգամ ամսի 24-ին ենք խոսել իր հետ, ժամը 17․00-ի կողմերն էին, այդ օրը երեկոյան ուժեղ հարձակում է տեղի ունեցել, ինքը զոհվել  է անօդաչուի հարվածից», -ասաց մայրը։

Նա ասում է, որ որդին դպրոցում էլ օրինակելի աշակերտ է եղել, միշտ հպարտություն է պարգևել  իրեն։

«Պատերազմի ժամանակ էլ համարյա  ամեն օր խոսացել ենք, ինքը շատ սովորական էր ներկայացնում, ես նույնիսկ շատ ապահով էի, թե ինքը այնքան հանգիստ տեղ է։ Երբ ուժեղ ձայների պայթյուններ էի լսում, ասում էի՝ Աշոտ, բա, ասում ես հանգիստ է, անմիջապես հակադարձում էր, թե սովորական բան է, մամ,  մենք կհաղթենք, կասկած չունենանք։ Իրենք հաղթել են, չեն պարտվել», -արտասվելով ասում էր մայրը։

Տատիկն էլ պատմեց, որ Աշոտը կրում է իր պապի անունը։

«Նա դժոխքի միջից ելավ, հիմա մենք ենք դժոխքում, անհավատալի է, որ Աշոտը չկա»,-սգում էր տատիկը։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհելով՝ ասաց․ «Ապրելն հիմա ավելի դժվար է, քանզի գիտակցում ենք, որ հերոսներ ենք կորցրել, որոնք պետք է ապրեին, պետք է շենացնեին մեր երկիրը, պետք է ամուսնանային, երեխաներ ունենային, բայց, ցավոք, պատերազմը բոլոր ժամանակներում շատ բարդ բան է, պատերազմն առանց կորուստների չի լինում։ Շնորհակալություն ձեզ, դուք Աշոտի նման հերոս եք դաստիարակել, մարտական ընկերներն են նրա հերոսությունների մասին պատմում, թե ինչպես են մարտնչել, բայց, ցավոք, անմահացել է հանուն հայրենիքի։ Մենք հպարտ ենք բոլոր մեր ընկած զինվորներով և պարտավոր ենք ապրելու, ապրելու և շենացնելու մեր երկիրը, քանզի նրանք հանուն այս երկրի չխնայեցին ամենաթանկը»։

Այսօր Ջրառատի երեք հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930