Սյունիքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգանքի տուրքն ու ոգեկոչումը սկսվել էր ապրիլի 23-ի երեկոյան։
ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն ջահերով երթ էր կազմակերպել դեպի Բաղաբուրջ, ուր գտնվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը։
Իսկ արդեն ապրիլի 24-ի առավոտից չի դադարում մարդկանց հոսքը ոչ միայն Կապանի, այլ մարզի բոլոր համայնքների հուշահամալիրներ ու հուշարձաններ։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը՝ իր աշխատակիցներով, աշակերտներ, ուսանողներ զինվորականներ եւ այյլոք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության նահատակների հիշատակին։
Կարդացեք նաև
Ծաղկեդրման եւ պսակադրման արարողությունից հետո հուշահամալիրում, Կապանի հոգեւոր հովիվը ոգեկոչման պատարագի արարողակարգ մատուցեց։
Կապանում կառուցված Ցեղասպանության զոհերի հուշակոթողի հարեւանությամբ զոհված ազատամարտիկների պանթեոնն է։ Արցախյան բոլոր պատերազմների նահատակներն այստեղ են ամփոփված։
Սյունիքի տարածաշրջանային քոլեջի փոխտնօրեն, պատմաբան Վրեժ Բադալյանի խոսքով, այս փաստը իր խորհուրդն ունի՝ հիշողության ցավի հետ հերոսամարտերը պիտի հիշենք, որ այսուհետ եղեռն չլինի։
«1915-23 թվականները հայ ազգի պատմության մեջ հայտնի են որպես ցավի տարիներ։ Այդ ցավի տարիներին է, որ իրագործվել է ՄԵծ եղեռնը։ Ցավը ունի իր հիշողությունը ու այսօր հիշողության, հարգանքի տուրք ենք մատուցում մեր նախնիներին, եթե կորցնենք այդ հիշողությունը, նորից կկրկնվի այդ ցավի տարիները։
Հետաքրքիր է, Եղեռնի նահատակներն ու մերօրյա հերոսամարտի զոհերը այստեղ՝ մեկտեղ են ամբողջացված։ Սա հուշում է՝երբ ունենում ենք հերոսամարտեր, ապա եղեռնը երբեք չի կրկնվի։ Կուզեի, որ մեր ազգի հիշողության մեջ բացի ցավի հիշողությունից հպարտության հիշողությունը պահենք, որովհետեւ ունենք տղաներ, որոնք իրենց կյանքի գնով թույլ չտվին նորից նոր եղեռն լինի»,–ասում է Վրեժ Բադալյանը
Երեկոյան Սյունիքի մարզի համայնքներում տեղի կունենան նաեւ մոմավառության արարողություններ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ