Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, մի բան, որ առաջ չէր հանդգնի. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ապրիլ 24,2021 17:40

«Մեզ համար անընդունելի է, որ ցեղասպանության հարցը որեւէ մեկի կողմից մղվի երկրորդ պլան: Մենք չենք վհատվելու եւ շարունակելու ենք՝ մինչեւ որ Թուրքիան ստանձնի իր պատասխանատվությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Այսօր նա մասնակցում էր Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի առիթով տեղի ունեցող երթին:

«Այսօր բոլորս ծանր սրտով ենք բարձրացել Ծիծեռնակաբերդ, որովհետեւ աղետալի պատերազմը ընկճել է հայ ժողովրդին, եւ կասկած չկա, որ ազդել է մեր բարոյահոգեբանական վիճակի վրա, բայց, որպես դաշնակցական, մեզ արգելված է վհատվել եւ այդ տագնապից հետո նույն վճռականությամբ նվիրվելու ենք Հայ դատի պայքարին, որի բաղկացուցիչ մեկ մասն է Ցեղասպանության պահանջատիրությունը»,-ասաց նա՝ նշելով՝ ակնկալում են, որ այսօր Ջո Բայդենը կարտասանի «ցեղասպանությունը» բառը, որովհետեւ շարունակական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ. «Մենք հսկայական բանակ ենք եւ հսկայական աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին: Այս շարժումը ԱՄՆ-ում թափ էր ստացել 2019-ին եւ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հստակ բանաձեւեր էին ընդունել: Հուսանք՝ ճանաչումը կկայանա ԱՄՆ նախագահի մակարդակով, որը շատ կարեւոր է, որովհետեւ Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի պատասխանատվության ներքո է»:

Թե ինչ անելիքներ կան արցախյան վերջին պատերազմից հետո, երբ Թուրքիան այդպես ակտիվ ներգրավվածություն ունեցավ, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ այդ ուղղությամբ եւս Հայ դատի գրասենյակները քայլեր են իրականացնում, որ բացահայտվի Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին եւ պատերազմական հանցագործություններին:

Նրա խոսքով՝ դրա մասին վկայում են Սիրիայից բերված վարձկաններն ու թուրքական բայրաքթարները. «Պատերազմին Թուրքիայի մասնակցությունը չափազանց մեծ գործոն էր: Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, մի բան, որ առաջ չէր հանդգնի: Նրանք մեծ ախորժակ ունեին, եւ պատերազմից հետո այդ ախորժակը ուղղված է դեպի Հայաստան, այդ առումով մեծ անելիքներ ունենք: Մեծ անելիք ունենք նաեւ գերիների հարցով եւ ՀՅԴ-ի ստեղծած Հայ իրավաբանների հիմնարկը այսօր դատ է հարուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ Եվրոպայում գերիների հարցով: Գործնական իմաստով ունենք գերիների հարցը, պատերազմական ոճիրի հարցը եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման խնդիրը»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ բարեկամություն անելու վերաբերյալ՝ իշխանությունների հայտարարություններին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ ՀՅԴ-ի համար մերժելի է, եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն՝ չեղյալ հայտարարելով այն նախապայմանները, որոնք հայկական կողմը դեռ տարիներ առաջ է մերժել. «Դրա նախապայմանը մեր կողմից պետք է լինի՝ իր պատմության հետ առերեսումը, Ցեղասպանության ճանաչումը՝ անհատապես եւ ազգովի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930