«Մենք ապացուցել ենք, որ ի տարբերություն շատ ազգերի, հայ ազգը կարողացել է միավորվել, համախմբվել եւ կայանալ որպես պետություն: Մենք պետք է դա գնահատենք եւ կարողանանք շարունակել մեր պետականությունն անկախ ճանապարհով տանելը: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ լինում են վրիպումներ»,-այսօր «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։
Պարոն Թովմասյանն ասաց, որ այսօր չի պատրաստվում որեւէ մեկին քննադատել, սուր խոսքեր ասել՝ պայմանավորված օրվա խորհրդով:
Ճանապարհների ապաշրջափակումն ինչպե՞ս է գնահատում հարցին, պարոն Թովմասյանն ասաց, որ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը ճիշտ ուղղություն է համարում, բայց ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Дорога ложка к обеду и всему свое время»:
Արտակ Թովմասյանի խոսքով. «Այսինքն մենք պետք է հասկանանք, թե երբ դա անենք: Օրինակ, եթե իշխող կառավարությունը ստորագրեր 5+2 ձեւաչափով տարածքները տալու պայմանագիր, առանց պատերազմի եւ հետո հրադադարից 27 տարի անց բացեր ճանապարհները, դա կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ արվում է մեր երկրի զարգացման համար: Բայց այսօր, երբ մեր երեխաների արյունը չի չորացել, երբ անհետ կորածների դիերը չեն հայտնաբերվել, երբ ունենք գերիներ Ադրբեջանում, իհարկե, ժամանակը չէ ճանապարհները բացելու կամ բարիդրացիական բանակցությունների համար»:
Հարցին, թե Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ձայներ ունի՞, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ՝ ունի, թե չունի: Ես տեսնում եմ, որ Գյումրիի ժողովուրդը պատրաստ չէ եւ չի ուզում քարոզարշավ անող որեւէ մարդու ընդունել: Նրանք ունեն պրոբլեմներ եւ ուզում են դրանց լուծումը: Դրա համար, եթե Նիկոլ Փաշինյանը կամ մյուս կուսակցությունները այդ հարցերի լուծման ճանապարհ կառաջարկեն եւ կլուծեն, նրանք կունենան իրենց հեղինակությունը:
Ինչ վերաբերում է Սյունիքին, եթե այստեղ մարդիկ հայհոյում են, իրենց կրքերն են ցուցաբերում այս կամ այն անձի շուրջ, պետք է հասկանալ պրոբլեմի սկիզբը: Մարդիկ ամեն առավոտ արթնանում ու տեսնում են թուրքերին իրենց դիմաց: Եվ տեսնելով, որ իշխանության կողմից կա անուշադրություն, նրանք իրենց բողոքն են արտահայտում: Ես իրենց լրիվ հասկանում եմ»:
Կարդացեք նաև
Արտակ Թովմասյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում լինի իշխանության հրաժարականը:
Հարցին, եթե լինեն ընտրություններ, նրանց քաղաքական թիմը մասնակցելո՞ւ է դրանց, ի պատասխան Արտակ Թովմասյանն ասաց՝ եթե հիվանդը գտնվում է վիրահատական սեղանի վրա, վիրաբույժը վիրահատում է եւ ամեն րոպե մի ծրագիր կարող է փոխվել. «Ես ասել եմ՝ պետք չէ Հայաստանը տանել նոր ցնցման, նոր արտահերթ ընտրությունների, բայց, եթե հայտարարվեն արտահերթ ընտրություններ, մենք մեր թիմով կհավաքվենք եւ մեր որոշումը կընդունենք: Եթե դրա կարիքը լինի, առողջ ուժերին համախմբել եւ գնալ ընդհանուր դաշինքով՝ այո: Իսկ եթե որոշենք, որ չենք գնալու, չենք գնա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ