Ermenihaber.am – Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին հարցազրույց է վերցրել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Մաշալյանը ցավալի է համարել, որ «հայ ժողովրդի ցավը և նախնիների սուրբ հիշատակը քաղաքական նպատակների համար գործիք է դարձել»:
Նրա խոսքով՝ նման գործելաոճը չի նպաստում 2 ժողովուրդների մերձեցմանը, հակառակը՝ թշնամական զգացումներ հրահրելով՝ պատճառ է դառնում հաշտեցման հետաձգմանը: Ըստ պատրիարքի՝ պետք է բարեկամության և անկեղծության կամուրջներ գցել, և միայն այդպիսի միջավայրում հնարավոր կլինի ավելի կառուցողական և գոհացուցիչ գնահատական տալ «պատմական դեպքերին»։
Պատրիարքը 106 տարի առաջ տեղի ունեցածն անվանել է 1000 տարվա համատեղ պատմության ցավալի բացառություն։ Նա նաև ցանկություն է հայտնել, որ հնարավորինս շուտ երկկողմ հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն համատեղ հարևանության և փոխադարձ շահերի վրա:
Մաշալյանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներին և «6-նյակ հարթակ» ստեղծելու առաջարկին:
Կարդացեք նաև
Ըստ պատրիարքի՝ Էրդողանը դարձել է Թուրքիայի պատմության մեջ միակ պետական բարձրագույն պաշտոնյան, որը ապրրիլքսանչորսյան ուղերձներ է հղել, որոնցում աչքի է ընկնում Էրդողանի հարգանքը «տեղահանման ժամանակ մահացածների» հիշատակի նկատմամբ:
Վեցի ռեգիոնալ պլատֆորմի վերաբերյալ Մաշալյանի դիտարկումն այն է, որ Էրդողանի առաջարկած նախագիծը կարող է տարածաշրջանի ժողովուրդներին «100 տարվա խաղաղություն բերել»: