Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը անդրադարձավ իշխանության հնչեցրած այն պնդումներին, թե Սյունիքում անվտանգ է եւ այս պահին այնտեղ ոչ մի խնդիր չկա:
«Տեսակը, որ, ցավոք սրտի, մեր իշխանությունն են, եթե թուրքերին չեն համարում մեր թշնամի, եթե մեր պատմական հողերը չեն համարում մերը, ինչ եք, կարծում, ինչ պետք է ասեն: Իհարկե, պետք է ասեն, որ անվտանգ է, որ Սյունիքում ոչ մի խնդիր չկա: Որովհետեւ նրանց համար միեւնույն է, թե առհասարակ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ, ընկալող մարդու համար պատկերը պարզ է: Այդ տեսակի համար Հայրենիքից մեծ կամ փոքր, նշանակություն չունի, հողեր կորցնելը միեւնույն է»,- ասաց նա:
Քաղաքապետը բացառում է, որ հնարավոր է լավ հարեւանություն անել, որ կոմունիկացիաների բացումով սյունեցին լավ կապրի: «Չեմ կարծում, թե որեւէ նորմալ մարդ դա նորմալ է ընկալում, որովհետեւ պարզ տրամաբանություն է: Եթե սահմանները բացենք, դա որեւէ տնտեսական բաղադրիչ չի ունենա, բացի բացասականից: Մենք տեսնում ենք, թե մեր հյուսիսային հարեւան երկրում ինչ է տեղի ունեցել, որտեղ թուրքերը մեծ գումարներով գնել են հողերը: Պայմանական մի օրինակ կարող եմ բերել: Եթե մեր երկրի ինչ-որ հատվածում տենդեր հայտարարվի, համոզված եմ, որ նրանց ընկերությունները կգան եւ շատ էժան պայմաններով դրանք կշահեն: Իսկ դա մեր ազգաբնակչության համար միանշանակ լավ չի լինի: Կամ էլ, այսօր սահմանը բացելու, թշնամու տարածք գնալ-գալու ի՞նչ անհրաժեշտություն կա»,-մտահոգ է քաղաքապետը:
Առուշ Առուշանյանը վստահ է, որ Փաշինյանի ներկայացրած Նախիջեւանով դեպի Ռուսաստան գնալու հեռանկարն էլ չի աշխատի ու ամենեւին էլ անվտանգ չի լինի: «Ավագ սերնդի մարդիկ մինչեւ հիմա հիշում են, որ անգամ սովետի տարիներին Ադրբեջանի, Նախիջեւանի տարածքով անցնող տրանսպորտի հետ խնդիրներ են եղել՝ քարերով հարվածել են հայերի ավտոմեքենաներին, կոտրել են գնացքի ապակիները:
Կարդացեք նաև
Նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել ու դա մեր գենետիկ կոդում է գրված: Ինչպե՞ս կարող ենք նրանց հետ լավ կամ նորմալ հարաբերություններ ունենալ: Այսքանից հետո նրանց հետ բարեկամությո՞ւն: Բառիս ուղիղ իմաստով ասում եմ, որ այդպես մտածողն ավելի վտանգավոր թուրք է, քան թուրքը»,- հիշեցնում է նա եւ չի բացառում, որ Սյունիքի համայնքների ղեկավարներին, որոնք փաստացի ինքնապաշտպանությունը կազմակերպող հրամանատարներն են, ձերբակալելու այս գործընթացը նրանց մեկուսացնելու նպատակ ունի:
Իսկ հարցին, թե Նիկոլ Փաշինյանին վատ ընդունելու փոխարեն ավելի նպատակահարմար չէ՞ նստել մի սեղանի շուրջ եւ զրուցել, Առուշ Առուշանյանը հիշեց պատերազմի ժամանակ իրենց վերջին հանդիպումը եւ ասաց, որ նրա հետ ինչ-որ բան խոսելու եւ առհասարակ շփման եզրեր ունենալու ոչ մի ցանկություն չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ