Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսների և նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Հաճընի հերոսամարտի 100-ամյակին և Հայոց ցեղասպանութան 106-րդ տարելիցին

Ապրիլ 24,2021 12:09

Այս տարի լրանում է Հաճընի հերոսամարտի 101-ամյակը: Դեռ 2020-ին՝ 100-ամյակի առթիվ, Նոր Հաճնի քաղաքապետարանի և պատմաբան Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ մեկնարկել էին քաղաքի Կիլիկիայի պատմության թանգարանի արդիականացման աշխատանքները, որոնք անավարտ մնացին պատերազմի և համավարակի պատճառով:

Իսկ ահա 2021-ին՝ ապրիլի 24-ի նախօրեին և հերոսամարտի 101-ամյակին ընդառաջ՝ թանգարանն այցելուների առջև իր դռներն է բացում արդեն նորացված և հագեցած ժամանակակից տեխնիկայով:

Այսպես՝ Հաճընի հերոսամարտի 100-ամյակն ու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հաճընցիների համար նշանավորվեցին Կիլիկիայի պատմության թանգարանի վերաբացմամբ: Այս կապակցությամբ կազմակերպվել էր հերոսամարտի զոհերի և Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառում, որի մեկնարկը տրվեց Նոր Հաճն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցված պատարագով:

Պատարագից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ՝ ի հիշատակ ութամսյա դյուցազնամարտի հերոսների, որոնց թվում են այնպիսի լուսավոր անուններ, ինչպիսիք են Արամ Կայծակը, Կարապետ Օղլլուգյանը, Մեսրոպ Շխրտմյանը, Մկրտիչ Մանասյանը, Վահան Ալթունյանը, Թուրսարգսյանը, Թերզյանը, Ճրտխյանը և այլք, ինչպես նաև նորօրյա քաջերի՝ հանձինս Արցախյան առաջին, Ապրիլյան, ինչպես նաև վերջին՝ 44-օրյա պատերազմների մասնակիցների և անմահացած քաջազուններ Սուրեն Ճարատանյանի ու Գևորգ Մղդեսյանի:

Ի դեպ՝ նշենք, որ Սարգիս Ճրտխյանը եղել է Հաճընի ութամսյա դյուցազնամարտի կազմակերպիչներից ամենակարկառուն ներկայացուցչի՝ Արամ Կայծակի համհարզը: Ճրտխյանի հաճընցիական ոգին այսօր ըստ արժանվույն պահպանում և բոլոր հնարավոր միջոցներով սերունդներին է փոխանցում նրա թոռը՝ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը:

Հենց այդ ոգու պահպանման, ինչպես նաև Նոր Հաճն քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար ծաղիկների խոնարհման արարողությունից հետո հանդիսավոր կերպով շնորհակալագրերի արժանացան մի խումբ անձինք, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հաճընցիական շունչն ամենուր սփռելու հարցում:

Ինչպես նշվեց միջոցառման ընթացքում՝ Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ, Արմեն, Ստեփան և Կարո Արսլանյանների բարերարությամբ 2020 թ. իրականացվեց Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի նոր բովանդակությամբ և դիզայներական լուծումներով ցուցադրության կազմակերպումը: Ի դեպ՝ գիտական ցուցադրության հայեցակարգի հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է, ցուցադրության կազմակերպման դիզայն-նախագծի հեղինակը՝ Լուսինե Մաթևոսյանը:

Ցուցադրության բացմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, որոնցից շատերն իրենց ներդրումն ունեն ցուցադրության կազմակերպման գործում:

Նոր Հաճնի ղեկավարի որոշման համաձայն՝ հոբելյանական հուշամեդալներով պարգևատրվեցին ամերիկահայ բարեգործ Արմեն Արսլանյանը, արգենտինահայ բարեգործներ Ստեփան և Կարո Արսլանյանները, պ. գ. դ.  Հայկ Դեմոյանը, «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (հուշամեդալը հանձնվեց գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին):

Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի արդիականացման, հանրահռչակման գործում ունեցած ներդրման համար շնորհակալագրի արժանացան դիզայն-նախագծի հեղինակ Լուսինե Մաթևոսյանը, «Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ տնօրեն Կարինե Հարությունյանը, «Տոնուս» դիզայն ստուդիայի տնօրեն Եվա Քոչարյանը:

Հաճընցիական ոգու ամրապնդման համար շնորհակալագիր ստացան «Հաճըն» հայրենակցական միության վարչականներ Վահագն Կրպեկյանը, Խաչատուր Կույումջյանը, Հովսեփ Թաթուլյանը, Իշխան Նազարյանը, Սուրեն Ճարատանյանի ընտանիքը:

Ցուցադրության նոր հայեցակարգը ներկայացրեց Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ ցանկանում էին ներկայացնել Հաճընի հերոսամարտը՝ որպես հայ ժողովրդի պատմության կարևոր դրվագ՝ հաջորդ սերունդներին պատշաճ փոխանցելու համար: Այս գործում իրենց ներդրումն ունենալու համար Դեմոյանը շնորհակալություն հայտնեց Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանին, թանգարանի տնօրեն Հայաստան Սիմոնյանին և բոլոր սրտացավ քաղաքացիներին:

«Մենք ստեղծեցինք փոքրիկ հայկական աշխարհ՝ ի փառս Հաճընի հերոսների: Կեցցեն Կիլիկիո Հաճընը և Նոր Հաճնը, որ պետք է կրի հիշատակը մեր հերոս նահատակների»,-իր խոսքն ամփոփեց Հայկ Դեմոյանը:

«44-օրյա այս անհավասար պատերազմից հետո՝ այս ողբերգական շրջանում, սա իսկական հերոսություն է։ Այս ողբերգական շրջանում, երբ դեռ գերիներ ունենք, ու շատ հարցեր լուծված չեն, գիտենք, որ դա պատերազմ չէր, այլ ցեղասպանություն՝ դարձյալ կազմակերպված միտումնավոր ցեղասպանության շարունակություն, ու գիտենք՝ մի քանի պետություններ իրենց հաշիվները լուծեցին իրար մեջ…

Տասնյակ պետություններ էին կռվում մեր դեմ արգելված, անթույլատրելի զինամթերքով, ու սա պարտություն չի կարելի համարել, մեր հայրենասեր, մեր հերոս երիտասարդ սերունդը դա ապացուցեց։ Ինչևէ, ժամանակավոր է, ժամանակ է պետք, համախմբվածության և հեռատեսության դեպքում հաղթանակներ էլ կունենանք, հաջողություններ էլ ու ավելի մեծ հաղթանակներ կտոնենք։ Ու այս ծանր շրջանում ձեր ջանքերը դնելը այս գործի մեջ՝ շատ գովելի է, պարոն Մաթևոսյան, պարոն Դեմոյան ու, անշուշտ, մեր սիրելի Հայաստան Սիմոնյան՝ թանգարանի հոգատար տնօրեն։ Շնորհակալություն այս գործը հավուր պատշաճի ավարտին հասցնելու համար»,-նշեց «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին, պատմաբան Հայկ Դեմոյանին, Կիլիկիայի պատմության թանգարանի տնօրեն Հայաստան Սիմոնյանին, բարերար Արմեն-Ռուբեն Արսլանյանին:

Այնուհետև միջոցառումն իր հոգեթով կատարումներով զարդարեց «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ խմբավար Մհեր Նավոյանի ղեկավարությամբ:

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ՝ թանգարանի կանաչ գոտում:

Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Tesaketinfo.am

Գլխավոր լուսանկարը՝ Լուսինե Մաթևոսյանի ՖԲ էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930