Երեկ ամերիկյան «Բլումբերգ» լրատվական կազմակերպությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու մտադրության մասին։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Թուրքիայում տպագրվող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ լրագրող Բագրատ Էստուկյանի հետ։
– Պարո՛ն Էստուկյան, արտասահմանյան մամուլում շրջանառվում է, որ Բայդենը պատրաստվում է օգտագործել «ցեղասպանություն» բառը, սա ի՞նչ նշանակություն կունենա։ Նաև ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա։
– Ոչ մի նշանակություն չի ունենա։ Էրդողանը կարծում է, որ Բայդենն այս անգամ միգուցե կարող է ասել «ցեղասպանություն» բառը, հետևաբար հայտարարությունով հանդես եկավ՝ ասելով, որ «զրպարտությունների դեմ մենք իրողություններով խոսելը շարունակելու ենք»։ Այսինքն, եթե «ցեղասպանություն» բառը գործածի, դա Էրդողանը կդիտարկի իբրև զրպարտություն։
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս եք պատրաստվում Թուրքիայում նշել Հայոց ցեղասպանությունը։
– Չենք պատրաստվում, որովհետև ինչպես անցյալ տարի, այս տարի էլ համավարակը կատարյալ արգելք դրեց դրա առջև։ Փողոց ելնելու արգելք կա արդեն շաբաթվա վերջին՝ շաբաթ և կիրակին ներառյալ։ Հետևաբար փողոցի վրա, հրապարակի վրա որևէ միջոցառում տեղի պիտի չունենա։ Կազմակերպված են առցանց միջոցառումներ, հիշատակման միջոցառումներ կամ հանդիպումներ առցանց դրությամբ։
– Ի՞նչ եք անելու։
– Այո, ես էլ առցանց պիտի մասնակցեմ՝ որպես զեկուցող, որպես ատենախոս։ Օրինակ, անցյալ տարիների հրապարակային այդ հիշատակման երեկույթը կազմակերպող «ԴուրԴե» հարթակը հայտարարություն է արել, որ այս տարի թե՛ առցանց հիշատակման, ոգեկոչման հանդես պիտի իրականացնեն և թե՛ ասուլիս պիտի կազմակերպեն նախապես։ Մինչ այդ, ուրիշ կազմակերպություններ էլ, ինչպիսին են՝ «Նոր Զարթոնք» շարժումը կամ Եվրոպայի մեջ բնակվող թուրք կոմունիստները, զանազան խմբակցություններ այս ուղղություններով աշխատություններ պետք է անեն։ Թուրքիայում Շաբաթնօրյա մայրերն ինչպես անցյալ տարիներին էին անում, այս տարի էլ իրենց հաշիվ պահանջելու առարկան պիտի լինի Հայոց ցեղասպանության զոհերը։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում