Որդեկորույս մայրերը զավակ ունենալու ցանկության դեպքում կարող են դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար:
Այս տարվա փետրվարի 25-ին Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդ որոշման, շահառուների ցանկին ավելացան Արցախյան պատերազմի հետևանքով իրենց տղաներին կորցրած ծնողները, ընդ որում՝ ոչ միայն զինծառայողների, այլեւ պատերազմին մասնակցած կամավորների:
Ընդ որում, եթե շահառուների մյուս խմբերի դեպքում գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, նրանք պետք է անզավակ լինեն և դիմեն մինչև 42 տարեկանը, ապա պատերազմում զոհվածների մայրերի դեպքում սահմանափակում չկա, իսկ ծառայությունից կարող են օգտվել մինչև 53 տարեկանները:
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բժշկական ծառայություն մատուցող կենտրոները Երևանում հինգն են ՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան ծննդատուն»), «Շենգավիթ բժշկական կենտրոն», «Ֆերթիլիթի պտղաբերության կենտրոն», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ («Հանրապետական ծննդատուն») և «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Մոր և մանկան առողջության կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը մեզ հետ զրուցում ասաց՝ զավակ կորցրած ծնողների՝ նորից երեխա ունենալու ցանկությունը մեծ է, մայրերը կենտրոն են դիմում վիշտը դեմքին, բայց հավատը աչքերում:
«Բավականին քանակով ծնողներ են դիմել, կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բոլորին անհրաժեշտ ծառայությունները տրվում է պետպատվերի շրջանակում, եթե որևէ մեկը այս ծնողների նկատմամբ գումարային հարց բարձրացնի, դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ոչ մի ծնողի չենք մերժել, բոլորը հնարավորություն են ունենում օգտվել վերարտադրողական ծառայությունից և նորից բալիկ ունենալ»,- ասաց նա:
Ծնողները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից օգտվելու համար բժշկական կենտրոներ են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ իրենց անձնագրերը, զոհված երեխայի մահվան վկայականը: Ըստ բժշկի՝ որդեկորույս ծնողների դիմումները կարող են մերժվել միայն, եթե նրանք ունեն առողջական լուրջ խնդիրներ:
«Արդեն ունենք հղիության դեպք, մայրիկը 7-8 շաբաթական հղիություն ունի: Ծնողները դիմում են մեզ, ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը, մենք իրենց տվյալները ներկայացնում ենք նախարարության: Բավականին արագ դրական պատասխանը ստանում ենք՝ մեկ շաբաթ կամ 5 օրվա ընթացքում: Այլևս կարիք չկա, որ սպասենք դրական պատասխանը ստանալուն, մենք սկսում ենք գործընթացը, եթե հակացուցում չկա»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նրա խոսքով՝ նորից երեխա ունենալու համար դիմում են նաև պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք, սակայն, ծառայությունից օգտվել չեն կարող, քանի որ իրենց երեխան զոհվածների ցուցակում չկա: Բժիշկն ասում է՝ հոգեբանական տեսանկյունից շփվել զավակ կորցրած ծնողների հետ՝ դժվար է: «Ցավում եմ, որ անհետ կորած ծնողներին մերժում ենք, իհարկե, հույս կա, որ իրենց երեխան մի օր գուցե գտնվի, բայց ես կուզեի իրենց էլ օգնեինք, նորից երեխա ունենային։ Հոգեբանորեն շատ դժվար է, երբ ծնողները դիմացդ նստած ամեն բառը ասելուց հետո լալիս են, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր ազգի կորուստը վերականգնենք: Հույսը վերջում է մահանում, տա Աստված, որ մենք կարողանանք բոլոր զոհված տղաների քանակը վերականգնենք, դա իմ ցանկությունն է»,- ասաց Գեորգի Օկոեւը:
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում