Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. «Անվտանգության համակարգը մեծ հաշվով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում այսօր գոյություն չունի»

Ապրիլ 24,2021 02:04

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը երեկ Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ էր եւ իր աջակցությունն էր հայտնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, լրատվամիջոցների հետ զրույցում քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը:

«Հասկանալի էր, որ երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում եւ արդարացիորեն մարդիկ իրենց բողոքն արտահայտեցին, դրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդար: Այսօր մենք գտնվում ենք դատարանի շենքի առջեւ, որտեղ քննվում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի իրավական առումով որեւէ հիմք չունեցող գործը: Այսինքն, մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ վերջինն իջել է բնակիչների մոտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում եւ հնարավոր բախումները կանխելու համար: Դա բացառապես քաղաքական հետապնդում է, որն ուղեկցվում է նաեւ ձերբակալությունների ընթացքում ստորացումներով, անհամաչափ ուժի կիրառմամբ: Սա պետք է դատապարտելի լինի բոլորի կողմից: Ես անձամբ անկեղծ ասած ակնկալում էի, որ բոլոր խմբակցություններից մի շարք պատգամավորներ այսօր այստեղ կլինեին՝ հստակ իրավական գնահատականներով ու նաեւ քաղաքական գնահատականներ կհնչեցնեին:

Ինձ համար այնքան տարօրինակ է, երբ երկրի ղեկավարը մի մարզ է գնում եւ ասում՝ ես խոնարհվում եմ ձեր առաջ, ես սիրում եմ ձեզ եւ դրան ծափահարություններ են հաջորդում, բայց մի այլ մարզ է գնում, որտեղ նրանից բողոք են արտահայտում եւ նա նրանց ուղղակի խուլիգան է անվանում: Դա նույն ժողովուրդն է, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Էդ ի՞նչ որակումներ են: Ես կարծում եմ, որ եւ երկրի ղեկավարը, եւ իշխանության այլ ներկայացուցիչներ պետք է շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական եւ քաղաքացիական հայացքներ ունեն վերջինները:

Անվտանգության համակարգը մեծ հաշվով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում այսօր գոյություն չունի: Այո, մեր սահմաններն ամբողջությամբ անվտանգ չեն, որովհետեւ սահմանը, որ երկարել է 500 կիլոմետրից ավել, չեն կանգնում հայ սահմանապահները: Առանձին կետեր, իհարկե, կան, բայց հենակետերը բավարար չափով չեն, որպեսզի ապահովեն ամբողջ անվտանգությունը: Այնտեղ, իհարկե, կան ռուս խաղաղապահներ, բայց ինչ է ստացվում. Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը ծալած է նստում, խոսում է իր բանակի մասին շատ անհայտ ձեւակերպումներով եւ հույսն ամբողջությամբ դնելով Ռուսաստանի վրա՞: Ոչ. ՀՀ քաղաքացին հստակ պահանջներ ունի իր ղեկավարությանը իշխանությանը, համապատասխան վերաբերմունք է ուզում ակնկալել իր եւ իր անձի անվտանգության վերաբերյալ:

Տեսեք շուռնուխցիներին: Նույնիսկ Երեւանում նստած մարդիկ ոչ միանշանակ են ընկալում նրանց բողոքը: Հասկանո՞ւմ եք, այդ մարդկանց եկել իրենց տնից հանել են՝ ասել սա այլեւս ձեր տունը չէ, 30 տարի այստեղ ապրել եք՝ հիմա տեղափոխում ենք: Մարդիկ ճանապարհից վերեւ են անցել ապրելու: Ու ամեն առավոտ արթնանալով՝ պատուհանից նայում է`տեսնելով, թե ինչպես է ադրբեջանցին նստած իր տանը: Սրանք ցավալի իրողություններ են, ու մարդիկ արդարացիորեն բարձրացրել են իրենց բողոքի ձայնը:

Ես ուզում եմ, որպեսզի օբյեկտիվ տպավորություն լինի: Ես չեմ կարող պնդել, որ ամբողջ Սյունիքը, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ի վերջո, ինչո՞ւ է նա գնացել Սյունիք, երբ գիտեր որ նման բան տեղի կունենս: Ես կարող եմ ընդամենը մեկ ենթադրություն անել: Քանի որ գալիք ընտրություններում իր հիմնական մարտավարությունը լինելու է նորից սեւերի եւ սպիտակների բաժանումը, գնացել է ասելու՝ տեսեք, սեւերը էլի գալիս են: Ու այս տրամաբանության մեջ ձայներ հավաքել այն մարդկանց մեջ, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել:

Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման մասին տեղեկություններին, պետք է ցավով ասեմ, որ որպես պատգամավոր իմ բազմաթիվ հարցադրումներին ստանում եմ մեկ պատասխան, որ կան ընդհանուր քննարկումներ: Ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակման մասին է խոսքը եւ ոչ կոնկրետ առանձին դետալների»:

Անկախ պատգամավորը ոչ մի տհաճ անակնկալ չի բացառում՝ հաշվի առնելով, որ մեր հարեւաններն են Ադրբեջանն ու Թուրքիան, հատկապես մի իշխանության կողմից, որի խոսքը եւ քայլերը միշտ չէ, որ միմյանց համընկնում են. «Մենք գիտեի՞նք, որ Սյունիքի անվտանգության գոտին զիջվելու է մինչեւ դեկտեմբերի 18-ը: Չգիտեինք: Մարդիկ ամրացել էին , նույն համայնքապետերն այնտեղ մեծ ծավալի աշխատանքներ էին կատարել, ամրացել էին, կահավորել, որովհետեւ գիտեինք, որ ամուր պահում ենք: Բայց եկավ դեկտեմբերի 18-ը եւ հրաման եղավ, որ պետք է զիջենք մեր անվտանգության գոտին»,-ասաց ԱԺ անկախ պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930