«Հանրությանը հետաքրքրող հարցերից է այն, թե ինչպիսի քաղաքական, իրավական հետեւանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ շատ կարեւոր է, թե ինչպիսի բնույթ կունենա Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման պաշտոնական ձեւակերպումը. «Ճանաչման գործընթացի մասին խոսելիս մոռանում ենք կարեւոր հանգամանք, որ ճանաչում ասվածը հիմնականում երեք մակարդակով է լինում։ Իրավական առումով ամենաթույլը զուտ հայտարարությունն է, որը կարող է բարոյական նշանակություն ունենալ, երկրորդը՝ բանաձեւի ընդունումն է, եւ վերջապես երրորդը՝ ցեղասպանության ժխտողականությունը օրենքի ուժով քրեորեն պատժելի արարք ձեւակերպելը։ Եթե երբեւէ ԱՄՆ-ի կողմից երրորդ աստիճանի ճանաչում լինի, ապա պահանջատիրության հարցը կյանքի կոչելու իմաստով կարող է ունենալ շատ գործնական նշանակություն»։
Թուրքական կողմը մշտապես փորձել է Հայոց ցեղասպանության հարցը հանել միջազգային օրակարգից: Վերջին շրջանում Հայաստանում եւս տարբեր հարթակներում հնչում են հայերի եւ թուրքերի հաշտեցման մասին խոսակցություններ։ Իսկ որքանո՞վ է հնարավոր իրագործել անցյալը մոռանալու առաջարկները՝ հաշվի առնելով, որ մեզանից շատերը ցեղասպանվածների սերունդներից են։ Անդրադառնալով այս պահին հաշտեցման գործընթացի հավանականությանը, ակադեմիկոսը նկատեց, որ նույնիսկ «հաշտեցում» բառի գործածումն ամոթալի է. «Ինչի՞ շուրջ ենք հաշտվում, ինչպես կարող են ոճրագործն ու զոհը հաշտվել։ Հիմա պետք է դատական ատյաններում ճանաչել տանք թուրքական կողմի մեղսակցությունը, որպեսզի վերջիններս ցեղասպանվածների սերունդներին հատուցեն ոչ միայն նյութապես, այլեւ տարածքային առումով…»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում