Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց սկսել

Ապրիլ 24,2021 10:00
erexaner

Երկրորդ աշխարհամարտում պարտված, ջախջախված հետպատերազմյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերն ասում էր. «Երբ ուրիշները մտածում եմ, որ դու վերջացած ես, ահա հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել»: Հարց է՝ ինչի՞ց սկսել մեր պարտված պետության դեպքում: Փորձեմ այդ հարցին պատասխանել՝ այսրոպեական «տեղեկատվական աղմուկը» հաշվի չառնելով:

Հայաստանում հարցերի լուծումը սովորաբար փնտրում են անձերի մեջ՝ մտածելով, որ եթե մարդը համապատասխանում է պարկեշտության եւ հայրենասիրության ինչ-որ պատկերացումների (որոնք, բնականաբար, չափազանց հարաբերական են), ապա ազգը, պետությունը կբռնի բարգավաճման ճանապարհը: Բայց «բարգավաճումն» էլ, իր հերթին, բավականին մշուշոտ հասկացություն է՝ ՀՆԱ՞-ն է, դրա «արդար» բաշխո՞ւմն է, մարդկանց դեմքին հայտնված ժպի՞տն է, կամ գուցե ինչ-որ ահասարսուռ զինատեսակ ունենալն է՝ հաշվի առնելով մեր հարեւանների «առանձնահատկությունը»: Իսկ գուցե «բարգավաճման» խնդրին մոտենանք ա՞յլ կողմից, եւ ենթադրենք, որ դրա հիմքը մարդիկ են, քաղաքացիները, որոնք գիտեն իրենց անելիքը եւ իրենց տեղն են գտել այս կյանքում: Այդ դեպքում թերեւս պետությունն էլ կգտնի իր տեղը:

Ինչպե՞ս է մարդը հասկանում իր կոչումը: Կան բազմաթիվ պատմություններ, որ այս կամ այն հայտնի անձնավորությունը մարգարեական երազ է տեսնում, որտեղ հրեշտակները նրան պատմում են, թե ինչպես է պետք ապրել: Դեմ չեմ, թերեւս այդպես էլ է պատահում: Բայց այդ երազը տեսնելու համար պետք է ինչ-որ հիմք, որը դրվում է արթմնի վիճակում. մարդու (հասարակության, ազգի) երազանքը, նրա ապագա կյանքի տեսլականը ձեւավորվում է, ի վերջո, գիտակցված գործողությունների արդյունքում:

Անհատի մակարդակով ե՞րբ են սկսվում այդ գործողությունները: Կարծում եմ, առնվազն մանկապարտեզային տարիքից: Ահա այդ պահին են երեխաների կյանքում հայտնվում մարդիկ, որոնք, կարելի է ասել, ճակատագրական առաքելություն ունեն՝ տեսնել յուրաքանչյուր մարդու մեջ առկա «աստվածային ծրագիրը»՝ ոչ պակաս: Ուրեմն, մանկապարտեզի դաստիարակները, դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները հասարակության համար ամենակարեւոր մարդիկ պետք է դառնան: Պատահական չէ, որ նույն հետպատերազմյան Գերմանիայում կրթությանը եւ առաջին հերթին՝ հանրակրթությանը տրվում էր վճռորոշ նշանակություն:

«Էկոնոմիա» (oikonomia) բառը եվրոպական դիսկուրսում հայտնվել էր առնվազն 1000 տարի շուտ, քան այն կիրառել են տնտեսագետները: Այդ հասկացությունը զուգորդվում էր հունարեն մեկ այլ եզրի հետ՝ «պայդեյա» (paideia)՝ կրթություն, պեդագոգիկա: Ինչի՞ մասին է խոսքը: Ըստ մեր թվարկության առաջին դարերի աստվածաբանների՝ ինքը՝ մարդկության պատմությունը, կարող է դիտարկվել որպես հսկայական ուսուցողական գործընթաց, որտեղ մարդը շարժվում է դեպի կատարելություն ՝որոշակի աստվածային ծրագրի համաձայն:

Կհարցնեք, ինչո՞ւ այսօրվա սյունակը կապ չուներ ապրիլի 24-ի հետ: Ինձ թվում է՝ ուներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունը ազգի ամենահարգված ու ամենավստահված ուսուցիչը պետք է լինի, որի ամենագլխավոր առաքելությունը’ դա սեփական կենսակերպով դաստիարակի ազգին եւ գերժամանակակից կրթությամբ ապահովի իր քաղաքացիներին բոլոր անխտիր բնագավառներում, դրա համար պետական ծառայության մեջ պետք է ընդգրկվեն ազգի լավագույներից ամենալավագույնները, եթե այդ բարձրագույն պաշտոններում հայտնվեն երրորդ սորտի մարդիկ, դա նշանակում է, որ դրանց առաքելությունը’ դա ազգի ու պետության ոչնչացումն է, որն այսօրվա գլոբալ չար ուժերի նպատակն է: Բայց այդ չար ուժերն այնքանով են չարը, որքան գայլերը եղնիկների համար’ այդ չար ուժերը մարդկութան սանիտարներն են’ նրանք վերացնում են թույլ ու հիվանդ ազգերին, փրկելով առողջ ազգերը հիվանդ ազգերից..
    Մենք մեր այսօրվա պազոռն ու հիվանդությունը դրոշակ ենք դառցրել ու աշխարհին ստիպում ենք ճանաչել մեր պազոռը, վարակելով առողջ ազգերին: Այն ինչ մեր հետ կատարվում է, դրա առաջին պատասխանատուն մեր մտավորականությունն է, լինի ռազմական մտավորականությունը, հոգեւոր թե գիտական ու մշակութային, որոնք չեն պատվաստել մեր ազգը հիվանդածին մշակույթից ու գիտակցությունից: Մենք հզոր ու տաղանդավոր ազգ ենք, ունենք եւ հզոր ու տաղանդավոր մտավորականություն, վերջինս պետք է լինի ազգի թագավորն ու ուսուցիչը, ազգն էլ պետք է լինի նրան անսահման հարգող աշակերտը, թշնամին ազգը ոչնչացնելու համար մարմինը’ ազգը գլխից’ ազգային մտավորականությունից զատում է, որի դառը հետեւանքները ցավագին զգացինք ու զգում ենք արդեն հարյուր վեց տարի: Դաս քաղենք սեփական սխալներից, այսօրվա մեր մտավորականության ռազմաճակատը’ ստեղծել համակարգ, որը կապահովի ազգի լավագույներին թագավոր կարգելը եւ ազգին սովորեցնել հարգել սեփական թագավորին եւ արդյունավետորեն խոչընդոտել անորակների ներթափանցումը պետական համակարգ: Կարծում եմ դարերի մեր անմեղ ու անմահ հոգիների սփոփանքը կլինի իրենց հաջորդ սերունդների առողջ ու հզոր կյանքն ու սերնդափոխությունը:
    Մտավորականության յուրաքանչյուր անհատականություն պետք է ընտրություններից առաջ բացեիբաց ներկայացնի իր կողմից վստահելի ու հարգված թեկնածուին եւ իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը, եթե պարզվի, որ այդ թենածուն պաշտոն գրավելուց հետո ինչ որ մեկի գործակալ է:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    «…— Իսկ Չիբուխլո՞ւն… Սևա՞նը…
    — Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության…» Մուրացան՝ Առաքյալը
    …Ու քանի դեռ իշխանությունների միակ ապավենը, ինչպես Դուք եք հաճախ ասել, անգրագետ զանգվածն է, ապա Ձեր (նաև՝ մեր) երազանքը անհատի դաստիարակության, զարգացման և ինքնադրսևորման մասին կմնա որպես ուտոպիա: Վկա՝ քոչվորներին վայել այն ասպատակությունը, որ արվեց օրերս մայր համալսարանում:
    Շնորհակալություն. սյունակը Ապրիլի 24-ի հետ ուղղակի կապ ուներ: Կրթության և լուսավորության (ավելի ճիշտ՝ անկրթության ու մթության) դերը մեր ազգընտիրները շատ լավ են հասկացել. նույնքան լավ, որքան երիտթուրքերը 1915-ին:

  3. Armen says:

    Երբ ուղիղ եթերում սկսենք ավելի շատ լսել հայհոյանքներ շաղ տվողների և տեսնել նրանց կրել ցանկացող «պապաների» ականջներ՝ շատ արագ «կբարգավաճենք»:

  4. Ruben says:

    Հայ ազգը պարտվեց, երբ իրական հայերը բարոյապես և ֆիզիկապես մեռան, երբ խառնուրդները հրաժարվեցին հայ մարգարեներից, հայ աստվածներից, սուրբ լեռներից ու երկրից:
    Как этих предателей Родины до сих пор земля держит?

  5. Ruben says:

    Հայերի ցեղասպանության հիշատակի հավերժական կրակի տեղում ժամանակին կանգնած էր Աստղիկ դիցուհու տաճարը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930