Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրաշրջանառությունն ամենաշատը նվազել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ

Ապրիլ 24,2021 14:30

Կորոնավիրուսի ու Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով մեր երկրի արտաքին առեւտուրը տուժել է: Մի շարք երկրների հետ առեւտրի ծավալները նվազել են՝ հասնելով մի քանի միլիոն դոլարի: Կան այնպիսի երկրներ սակայն, որոնց հետ առեւտուրն աճել է:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ արտաքին առեւտրաշրջանառությունը 41 միլիոն 160 հազար դոլարով նվազել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՌԴ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 329 միլիոն 466.3 հազար դոլար: Այս տարի՝ 288 306.3 հազար դոլար: Բելառուսի հետ մոտ 2 միլիոն դոլարով է նվազել: Այս տարվա հունվար-փետրվարին այս երկրի հետ ունեցել ենք 5 միլիոն 713.7 հազար դոլարի առեւտրաշրջանառություն: Ղազախստանի հետ սակայն առեւտրաշրջանառությունն ավելացել է 775 հազար դոլարով՝ այս տարի կազմելով 2 միլիոն 170.1 հազար դոլար:

Փոխարենը զգալի նվազել է Ուկրաինայի հետ: Անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին այս երկրի հետ առեւտրաշրջանառությունը եղել է 21 միլիոն 508.8 հազար դոլար, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 14 միլիոն 948.5 հազար դոլար, այսինքն՝ 6 միլիոն 560,3 հազար դոլարով պակաս: Թուրքմենստանի հետ 264 հազար դոլարով եւս նվազել է՝ կազմելով 873.1 հազար դոլար:

Եվրամիության երկրներից արտաքին առեւտրաշրջանառությունը ամենաշատն աճել է Գերմանիայի հետ: Եթե Անցյալ տարվա հունվար-փետրվարին այս երկրի հետ ունեցել ենք 30 միլիոն 854.2 հազար դոլարի առեւտուր, այս տարի առեւտրաշրջանառությունը Գերմանիայի հետ կազմել է 37 միլիոն 512.3 հազար դոլար: Հունաստանի հետ նույնպես 1 միլիոն 430 հազար դոլարով աճել է՝ կազմելով 3 միլիոն 435.1 հազար դոլար: Լեհաստանի հետ էլ 1 միլիոն դոլարի է աճել: Անցյալ տարվա հունվար-փետրվարին 6 միլիոն 610.1 հազար դոլարի առեւտրաշրջանառություն է եղել, այս տարի՝ 7 միլիոն 611.8 հազար դոլարի: ԵՄ երկրներից Պորտուգալիայի, Իսպանիայի, Կիպրոսի հետ նվազել է, Չեխիայի հետ մոտ 200 միլոն դոլարի՝ աճել: Լիտվայի ու Սլովակիայի հետ, սակայն՝ աճել է: Լիտվայի հետ առեւտրաշրջանառությունն աճել է մոտ 1 միլիոն դոլարով, Սլովակիայի հետ՝ գրեթե 1 միլիոն 400 հազար դոլարով: Փոխարենը Շվեդիայի հետ զգալի նվազել է: Անցյալ տարվա հունվար-փետրվարին Շվեդիայի հետ Հայաստանն ունեցել է 3 միլիոն 162 հազար դոլարի առեւտուր, այս տարի՝ ընդամենը 931.2 հազար դոլար: Կորեայի հանրապետության հետ առեւտրաշրջանառության ծավալները մոտ 1 միլիոն 400 հազար դոլարով նվազել են: Միացյալ նահանգների հետ սակայն աճ ենք ունեցել, որը կազմել է մոտ 7 միլիոն դոլար: Անցյալ տարի ԱՄՆ-ի հետ առեւտուրը 20 միլիոն 134.2 հազար դոլարի էր:

Ամենաշատ կորուստն այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ է եղել: Անցյալ տարվա նշյալ ժամանակահատվածում ԱՄԷ-ի հետ առեւտուրը կազմել է 53 միլիոն 656.2 հազար դոլար, այս տարի՝ ընդամենը 15 միլիոն 904.6 հազար:

Իրանի հետ մոտ 200 հազար դոլարով է նվազել՝ կազմելով 58 միլիոն 400.3 հազար դոլար: Շվեյցարիայի հետ մոտ 15 միլիոն դոլարով նվազել է, Չինաստանի հետ հակառակը՝ մոտ 9 միլիոն դոլարով աճել: Բրազիլիայի, Ճապոնիայի, Կանադայի ու Իրաքի հետ էլ է նվազել: Վրաստանի հետ սակայն՝ մոտ 4 միլիոն դոլարով ավելացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930