Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդիրներ ստեղծում են պետությունները, ուրեմն թող իրենք էլ զբաղվեն դրանով»

Ապրիլ 24,2021 13:30

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը հանդես կգա Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգներին

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ապրիլի 23-ին, ժամը 22.30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես կգա Վերդիի Ռեքվիեմի կատարմամբ։ Մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանը, մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան, տենոր Լիպարիտ Ավետիսյանը եւ բաս Եվգենի Ստավինսկին։

Ռեքվիեմը ապրիլի 25-ին՝ նույն կազմով, կհնչի նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ «Առավոտը» ժամանակին հարցազրույց վարել է Օլեսյա Պետրովայի, Եվգենի Ստավինսկիի եւ Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Գերմանաբնակ երիտասարդ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը, եթե չենք սխալվում, հայրենիքում է երկրորդ անգամ։ Նա 2014թ. բերդաքաղաք Շուշիում հանդես է եկել Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայում, գլխավոր՝ Աղջկա դերերգով (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, ռեժիսոր՝ Մարիա Սահակյան)։

Ռուզան Մանթաշյանը Աղջկա դերերգով՝ «Կրակե օղակ» օպերայում, Շուշի, 2014թ.։

Երգչուհու անունը ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլեւ լայն լսարանին հայտնի դարձավ 2020թ. փետրվարին, երբ Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի բացման արարողությունն աչքի ընկավ սկանդալով՝ կապված Ռուզան Մանթաշյանի եւ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էլվազովի հետ. ադրբեջանցին հրաժարվել էր դուետով հանդես գալ երգչուհու հետ։ Մեդիա դաշտում իսկական փոթորիկ սկսվեց, ինչից հետո ադրբեջանցին շտապեց հերքել։ Հիշեցնենք՝ գերմանական Deutsche Welle պարբերականը գրեց, որ ադրբեջանցի տենորի կարիերան, որին հավելյալ փայլ է հաղորդել օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ ամուսնությունը, կարելի է ընդհանուր առմամբ հաջողված համարել, իսկ հայազգի երգչուհու կարիերան, որը նոր է սկսվում, արդեն իսկ փայլուն է։ Սոպրանոն համերգներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ այժմ երգում է Համբուրգի օպերային թատրոնում։ Վերոնշյալ միջադեպի առիթով երգչուհին ձեռնպահ էր մնացել մեկնաբանություններից, միայն նշել էր, որ ցանկացած միջոցառման ժամանակ էլ խնդիրներ լինում են։

Ռեքվիեմի գլխավոր փորձի ընդմիջմանը կարճատեւ զրույց ունեցանք երգչուհու հետ։ Անդրադառնալով վերոնշյալին, Ռուզան Մանթաշյանն ընդամենը ասաց. «Դրեզդենյան պարահանդեսին հաճույքով ելույթ ունեցա, ներկայացրի Տատյանայի արիան «Եվգենի Օնեգին» օպերայից։ Կցանկանայի, որպեսզի մշակույթում խտրականությունը տեղ չունենար։ Մարդիկ ցանկանում են խաղաղ ապրել։ Խնդիրներ ստեղծում են պետությունները եւ բարձրաստիճան պաշտոնյաները, ուրեմն թող իրենք էլ զբաղվեն դրանով»։

Մեր զրուցակիցը նշեց, որ Երեւանի կոնսերվատորիայում ուսանել է երջանկահիշատակ պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարանում, ապա կատարելագործվել է Միրելլա Ֆրենիի, ապա Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Հեդվիգ Ֆասբենդերի դասարաններում, նաեւ Փարիզի ազգային օպերայում։ Մասնակցել է միջազգային մրցույթների։ Արտասահմանյան մամուլը հատկապես նշում է երգչուհու մեկնաբանմամբ Մյուզետայի դերերգը Պուչինիի «Բոհեմ» օպերայում, այն համարելով նրա այցեքարտը։ Հիշյալ դերերգը նրան առաջին մրցանակ բերեց Տոպի դալ Մոնտեի անվան հեղինակավոր մրցույթում։ Հիմա, բնականաբար, ընդարձակ է երգչուհու դերերգերի ցանկը. Սյուզան՝ «Ֆիգարոյի ամուսնությունում», Ֆիորդիլիջի՝ «Այսպես են վարվում բոլոր կանայք», Միքայելա՝ «Կարմեն», Քսենիա՝ «Բորիս Գոդունով», Մարգարիտ՝ «Ֆաուստ» եւ այլն։

Սոպրանոն ամուսնու՝ Օլեքսի Պալչիկովի հետ։

Կարծելով, թե զրույցին ներկա երիտասարդը երգչուհու ագենտն է, հետաքրքրվեցինք մեր հայրենակցուհու առաջիկա ծրագրերով։ «Թվացյալ» ագենտը պատասխանեց, թե նախատեսվում են սոպրանոյի ելույթները Ժնեւի մեծ թատրնում, որտեղ հանդես կգա Նատաշա Ռոստովայի դերերգով՝ «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայում, այնուհետեւ Լիեժի եւ Բեռլինի թատրոններում կմարմնավորի Տատյանայի կերպարը «Եվգենի Օնեգինում», ապա, դարձյալ Բեռլինում, կներկայանա Ալիս Ֆորդի դերերգով՝ «Ֆալստաֆ» օպերայում, Բուդապեշտի փառատոնային նվագախմբի հետ՝ Իվան Ֆիշերի ղեկավարությամբ, կներկայանա իտալացի հանդիսատեսին… Այստեղ ներողություն խնդրելով իր «ագենտից», զրույցը ժպտալով ընդհատեց երգչուհին ու ներկայացրեց, որ երիտասարդը 2018-ից իր ամուսինն է՝ ազգությամբ ուկրաինացի, տենոր Օլեքսի Պալչիկովը։ Հավելեց, որ ամուսինը նաեւ պրոֆեսիոնալ շեփորահար է եւ ֆուտբոլիստ, ծանոթացել են Փարիզում։

Ռեքվիեմի երեւանյան երկու կատարումներին երգչուհին անհամբերությամբ է սպասում, քանի որ համավարակի պատճառով վերջին անգամ հանդիսատեսին է ներկայացել 2020թ. սեպտեմբերին, Համբուրգի օպերային թատրոնի բեմում։ Նա հիացմունքի խոսքեր հղեց ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի արտիստների, ինչպես նաեւ անվանի այն մեներգիչների հասցեին, որոնք ընդգրկված են Վերդիի հանճարեղ ստեղծագործության կատարմանը։ Շնորհակալություն հայտնեց մաեստրո Թոփչյանին՝ իրեն Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու բացառիկ հնարավորություն ընձեռելու համար։ Հավելեց նաեւ, թե Թոփչյանն է իրեն դեռեւս 17 տարեկանում նկատել եւ հրավիրել հանդես գալ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930