Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Արենի գյուղում

Ապրիլ 24,2021 12:30

Արենի (արիների, քաջերի բնակատեղի, նաեւ՝ Հին Կարբի) գյուղատեղին գտնվում է Կարբի գյուղից մոտ 2 կմ արեւմուտք, փոքր բարձունքի վրա: Գյուղի տեղորոշմանը օգնում է 1574թ. մի կալվածագիր, ըստ որի՝ Կարբիի տանուտեր Միրզաջանը գնել է Հովհաննավանք գյուղի լրիվ եւ ամբողջական վեց դանգ մուլքը, որի հյուսիսային սահմանը՝ Կարբի գյուղաքաղաքն էր, իսկ արեւմտյանը՝ Արենի (Արանի) գյուղի ջրանցքի ներքին մասը:

Գյուղատեղին ամբողջությամբ պատած է բնակելի շինությունների ավերակներով, որտեղ նկատելի են նաեւ փողոցներն ու տնամերձ բակերը: Միջնադարում գյուղի շրջակայքը կոչվել է Կարբո դաշտ, որը հայտնի է եղել իր պտղատու այգիներով եւ որոնցից մեկը կոչվել է Հազարմանի: Այդ այգիներից մեկն էլ հիշվում է Մարմաշենի 1029 թ. արձանագրությունում: Այստեղով անցել է Կարբիից դեպի Փարպի եւ Ղազարավան ուղղված հին ճանապարհը:

Արենին առաջին անգամ հիշատակվում է 774-775թթ. Հայաստանում արաբական տիրապետության դեմ բռնկված ապստամբությամբ եւ ինչպես նշել է պատմիչ Հ. Դրասխանակերտցին, այն խոշորագույններից մեկն է եղել ամբողջ խալիֆայությունում: Սկզբնապես շարժումը սկսել է Արտավազդ Մամիկոնյանը, ապա գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը: Եվ, ինչպես գրել է պատմիչը, ապստամբ գյուղերին միացել է նաեւ Արենին եւ մի շարք այլ բնակավայրերի հետ դաժանորեն ենթարկվել արաբների ասպատակմանն ու գերեվարմանը: Այդ ապստամբությանը անդրադարձել են նաեւ պատմիչներ՝ Ասողիկը, Մ. Այրիվանեցին, Կ. Գանձակեցին եւ ուրիշներ: Հետագայում գյուղը հիշատակվում է Հովհաննավանքի կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի եւ Ուշիի Սբ Սարգիս վանքի 1329թ. արձանագրություններում: Հովհաննավանքում նշվել է, որ Արենի գյուղից Աղբայրոս երեցը միաբանվելով սուրբ ուխտին՝ գնել է Խառբելանց այգին, սահմանել սպասավորներ եւ նվիրել վանքին, իսկ Ուշիում՝ Հոռովմ երեցը, կնոջ՝ Ուլուխաթունի հետ սուրբ Զորավարին նվիրել են Արենի առվի մերձակա հողը:

Արենին հայ բնակչությունից անշքացել ու լքվել է 16-րդ դարի վերջերին: Բարսեղ Վարագեցին պատկերավոր նկարագրելով 1584թ. Ֆահրատ փաշայի գլխավորած օսմանյան բանակի գործած ասպատակումը Երեւանի շրջակայքում, գրել է. «զաղէտ եւ զկսկիծ, զողբումն եւ զկոծումն եւ զսրածութիւն, զսով եւ զգերութիւն Երեւանայ աշխարհն»: Հավանաբար, այդ ավերածություններից էլ լքվել է Արենին: Այդ առումով, հետաքրքրական է 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու այն տեղեկությունը, որ Արենին (Հարենի) գտնվել է Կարբի գյուղի մոտ, ավերակ է ու անմարդաբնակ, բայց մեր հայրերի ժամանակ շեն էր: Գյուղը 1831թ. ուներ 8 տուն, 45 շունչ հայ բնակչություն, իսկ 1840թ.՝ 14 տուն, որոնք երկու տարի անց տեղափոխվել են Ապարանի շրջանի Չքնաղ գյուղը:

Գյուղատեղի կենտրոնում գտնվում են 4-5-րդ դդ. կառուցված եռանավ բազիլիկ եկեղեցու ավերակները: Նմանատիպ կառուցվածք են Քասախի ու Զովունիի եկեղեցիները: Եկեղեցու ներսը լցված է փլատակներով: Նրա մուտքը հարավային մասից է, սրբատաշ տուֆի բարավորով, որի կենտրոնում պատկերված է շրջանի մեջ ներառված հավասարաթեւ խաչը, խաղողի, կենաց ծառի զարդամոտիվներով: Եկեղեցու խորանը արեւելյան մասում է, արտաքինից՝ բազմանիստ: Պահպանվել են պատերի բարձրությունը մինչեւ 3 մ: Կառուցված է սեւ ու գորշ տուֆից, կրաշաղախով: Ենթադրվում է, որ եկեղեցու հիմքում եղել է հեթանոսական մեհյան, որը վաղ միջնադարում վերափոխվել է եկեղեցու:
Գյուղատեղի տարածքում կան 6-7-րդ դդ. քառակող կոթողներ, 13-14-րդ դդ.՝ քանդակազարդ խաչքարեր, տապանաքարեր եւ այլն: Այս գյուղից էր 17-րդ դարի նշանավոր հոգեւորական գործիչներից Սարգիս եպիսկոպոսը, որն անապատական կյանքի հիմնադիրներից էր: Ա. Դավրիժեցին իր պատմությունում մի ամբողջ գլուխ է նվիրել նրան:

Արենին վնասվել է 1264թ.՝ Ուշիի, 1679թ.՝ Արարատյան, 1827թ.՝ Ծաղկաձորի եւ 1840թ.՝ Արարատի երկրաշարժերից: Ըստ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու, 1679թ. երկրաշարժը մեծ ավերածություններ է կատարել Կարբիում, որի ժամանակ երեք մարդ է մահացել:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Լուսանկարում՝ Արենի գյուղի եկեղեցին է:

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930