Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Չավուշօղլու այդ միտքն էլ հուշում է, որ Թուրքիան էլ է հավանական համարում ցեղասպանության ճանաչումը»

Ապրիլ 24,2021 15:00

ԱՄՆ 107 կոնգրեսականներ այդ երկրի նախագահ Ջո Բայդենին նամակ են հղել, եւ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նամակում ամերիկացի օրենսդիրները նշել են. «Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում՝ «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տեւում, ինչին պետք է վերջ դրվի»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գտնում է՝ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն աննախադեպ է, այն առումով, որ ԱՄՆ վարչակազմի՝ ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին գրում են արեւմտյան եւ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները։

«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Բադալյանն ասում է՝ նախկինում չի եղել նման լրատվական ուղեկցում, եւ ապրիլի 24-ի ուղերձին նախորդող նման մեդիա ուղեկցում. «Սա իսկապես վկայում է աննախադեպ իրավիճակի մասին եւ այն մասին, որ իսկապես ճանաչման այդ ազդակները բարձր հավանականության մասին են հուշում, հատկապես, որ տեսնում ենք Սպիտակ տնից այդ ազդակների վերաբերյալ գոնե բավական խորհրդավոր լռությունը։ Թուրքիայի արձագանքն է բավական հետաքրքրական, եւ դա էլ է հուշում, որ կա ճանաչման բարձր հավանականություն։ Օրինակ Թուրքիայի արտգործնախարարն իր հարցազրույցում ասել էր՝ իհարկե, մենք չենք ասում՝ ԱՄՆ, ինչ ուզում ես՝ արա, ուզում ես՝ ճանաչի, ուզում ես՝ ոչ, բայց մենք չենք կարող վախով ապրել տարիներ շարունակ։ Այսինքն՝ Չավուշօղլու այս միտքը խոսում է այն մասին, որ Թուրքիան էլ հավանական է համարում ճանաչումը»։

Հակոբ Բադալյանը սակայն նաեւ նշում է՝ այս ամենը չի նշանակում, Հայոց ցեղասպանության ճանաչումն անպայման տեղի կունենա, քանի որ գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի եւ խնդիրների հետ եւ չի բացառվում, որ Թուրքիան շատ բարձր գին վճարի եւ կանխի դա։

Քաղաքական մեկնաբանը նշում է՝ ամբողջ հարցն այն է, թե մենք ինչ ճանաչման մասին ենք խոսում, եթե հնչում է ընդամենը բնորոշում, որ 1915 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, սա իհարկե շատ կարեւոր քաղաքական ակտ է, որն, անշուշտ, բացարձակ նոր մակարդակի է հասցնում թե՛ միջազգային ճանաչման գործընթացն ու իրավիճակը, թե՛ նոր մակարդակ է ԱՄՆ-ի քաղաքական շրջանակում. «Եւ հաջորդիվ առաջանում է հավանականություն, որ ԱՄՆ-ն ընդհուպ իրավական հետեւանքներ ենթադրող ակտերի կարող են անցնել Հայկական հարցի եւ Ցեղասպանության ճանաչման առումով։ Այսիքն կարող ենք բնորոշել, որ ԱՄՆ-ն Թուրքիայի գլխին կախված Դամոկլյան սուր է, որն ավելի է իջեցնում ու մոտեցնում նրա գլխին հետագա տարիների համար»։

Թե ինչ հարցեր է սրանով փորձում լուծել Վաշինգտոնը, ըստ մեկնաբանի, խնդիրը միայն այն չէ, որ Բայդենը խոստացել է ճանաչել, քաղաքական խնդիր է լուծում ԱՄՆ-ն, եւ դա պայմանավորված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերության չափազանց բարձր լարվածության աստիճանով. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն սրանով է՛լ ավելի է փորձում ձգել Թուրքիայի սանձերը եւ ցույց տալ թուրքերին, որ որքան էլ Էրդողանի համար ինքնուրույն քաղաքականության շրջանակ են մեծացրել ինչ-ինչ նկատառումներից ելնելով, այդուհանդերձ, Թուրքիայի սանձն իրենց ձեռքում է, եւ այս մասին Էրդողանն ու Թուրքիայի վերնախավը չպետք է մոռանան»։

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ցեղասպանության ճանաչման ազդեցությունը, թեեւ առանձին վերլուծության թեմա է, սակայն, նկատում է՝ Հարավային Կովկասում դրա ազդեցության մասին. օրինակ՝ մի կողմից թվում է, թե ճանաչումով Թուրքիային ավելի կմղեն ՌԴ-ի գիրկը, թեպետ նման վտանգ մեծ հաշվով չկա, եւ չի բացառվում, որ փորձ արվի ՌԴ-Թուրքիա հարաբերությունները բալանսավորել. «Որովհետեւ, ակնհայտ է, որ ամերիկյան քաղաքականության մեջ ռուս-թուրքական հարաբերությունները դիտարկվում են փոխադարձ կրկնակի զսպման տրամաբանությամբ նաեւ, եւ կփորձեն ցեղասպանության ճանաչման խնդրով հավասարակշռություն ապահովել, թույլ չտալ, որ Թուրքիան կամ Ռուսաստանը շատ ուժեղանան, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։ Մյուս կղմից՝ ՌԴ-ն Թուրքիայի համար կարեւոր է՝ ՀՀ-ի եւ հայկական սփյուռքի վրա ոչ ֆորմալ իր ազդեցությամբ ՌԴ-ն կարող էր զսպել հայկական հարցի միջազգային ճանաչման հարցում հայերի նախաձեռնողականությունը»։

Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ 2016-ին, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ ընդունեց բանաձեւ, այդ շրջանում ՌԴ-ն եւ Թուրքիան գժտված էին, ճանաչումից հետո նրանք հաշտվեցին։

Պարոն Բադալյանը նշում է՝ հիմա շատ կարեւոր է ՀՀ անվտանգային խնդիրների վրա միջազգային ուշադրությունը սեւեռել, Թուրքիան է Արցախի դեմ պատերազմի նախաձեռնողը, եւ նրա՝ Կովկասում հաստատվելն է՛լ ավելի մեծ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը եւ ցեղասպանության հարցի արծարծումը մեզ համար կարող է լինել հնարավորություն այդ անվտանգության սպառնալիքը զսպելու, կառավարելու լրացուցիչ մեխանիզմ ապահովելու համար. «Մեզ համար թիրախային ուղղություն հիմա պետք է լինի համաշխարհային մասշտաբով Արցախի ինքնորոշման հարցը, դեօկուպացիան, քան ցեղասպանության հարցը, թեեւ, չեմ ուզում համեմատել, բայց առավել հրատապ է այս խնդիրը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930