Քիչ առաջ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը: Երթի մասնակիցները եկեղեցու բակից շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակ, որտեղ տեղադրված է զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ այսօրվա երթն ավելին քան կարեւոր է. «Մենք անցնող տարում էլ ցեղասպանության նման մի երեւույթի ականատես եղանք, երբ որ մեր ժողովրդի, մեր ազգի լավագույն զավակները պատերազմի դաշտում ընկան: Նաեւ մենք տեսանք տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվություն, իսկ մենք գենետիկ հակադրություն ունենք այդ պետության նկատմամբ: Եվ դրանով եւս մեկ անգամ պիտի փաստենք եւ մեր ձայնը բարձրացնենք, որ այլեւս երբեք չկրկնվեն նման երեւույթներ: Կարծում եմ, ավելի մեծ խորհուրդ կա այսօրվա երթի մեջ, քան նախորդ տարիների, որովհետեւ եւս մեկ անգամ մեր պատմական հիշողությունը կրճատվեց: Այսինքն, մենք տեսանելի հիշողական պատմության մեջ ունեցանք նմանատիպ եւս մեկ դեպք, երբ Թուրքիայի գործուն եւ ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ այդ ագրեսիան, պատերազմը, որին զոհ գնացին մեր ազգի լավագույն զավակները»:
Կարդացեք նաև
Երթի մասնակից Վահե Դոխոյանն էլ, ով ամեն տարի մասնակցում է երթին, այս տարվա ջահերով երթն ավելի կարեւոր է համարում. «Եթե հաշվի ենք առնում վերջին իրադարձությունները, սա հայ ազգի համար պետք է լինի համախմբման ավելի մեծ ալիք, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ նախկինում նման միջոցառումները ենթադրում էր համախմբում՝ ազգային խնդրի, ազգային էլեմենտների շուրջ: Այսօր ավելի քան կարեւոր է ազգայինի շուրջ համախմբվելը: Իսկ սա ես համարում եմ ազգայինի խնդիր»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ