Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին պարտադրում են ընտրություն կատարել նախկիններ եւ ներկաներ տիրույթում, ինձ համար բոլորն էլ արդեն նախկին են». Դավիթ Սանասարյանի կուսակցության համագումարը

Ապրիլ 23,2021 22:22

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարն էր:

Իր ելույթում կուսակցության հիմնադիր Դավիթ Սանասարյանը վերլուծեց պատերազմի հիմքերը, կապեց այն ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի կնքումից հրաժարվելու ու ՀՀ անվտանգային բոլոր երաշխիքները մեկ զամբյուղում տեղավորելու հետ: Ըստ նրա, այդ քայլերը Հայաստանին բերեցին մեկուսացման եւ հայկական շահի հաշվին այլոց շահերի սպասարկմանը. «2018-ի հեղափոխությունը կարող էր լավ եւ հիմնավոր հնարավորություն դառնալ արտաքին քաղաքականությունը նոր ընթացագծի եւ հարացույցի մեջ դնելու համար: Սակայն ՀՀ քաղաքական իշխանությունը չշտապեց էական եւ արդյունավետ փոփոխություն մտցնել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, այլ նախընտրեց գործող քաղաքականության իներցիայի շարունակությունը»:

Դավիթ Սանասարյանն ասաց, որ առաջնահերթ է երկրի սուբյեկտայնությունը ու ինքնիշխանության մակարդակը բարձրացնել, ինչը կբարձրացնի Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը եւ անվտանգությունը. «Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի մաս: Այս հիմնախնդրի լուծումը տեսնում ենք Արցախի հանրապետության ճանաչման եւ տարածքային ամբողջականության վերականգնման եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Հայաստանի ներկա եւ նախորդ իշխանությունների վարած անհաշվենկատ, անհեռատես եւ հայկական շահերը հաշվի չառնող, ռազմաքաղաքական հավասարակշռությունը չպահպանած քաղաքականության արդյունքում ստեղծվել է իրավական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական քաոս Արցախի խնդրի շուրջ, ինչն էլ հանգեցրեց մարդկային եւ տարածքային կորուստների»:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ քարոզչական միջոցներով ժողովրդին պարտադրում են ընտրություն կատարել նախկիններ եւ ներկաներ տիրույթում. «Ինձ համար, որքան էլ ներկաները որոշ արժեհամակարգային առումով տարբերվում են նախկիններից, բայց բոլորն էլ արդեն նախկին են: Այս առումով մենք համագործակցելու ենք այնպիսի ուժերի հետ, որոնք չունեն արատավոր անցյալ, որոնց պատասխանատու դեմքերը պետության հանդեպ հանցագործություն չեն իրականացրել, որոնք ոչ միայն չեն վիճարկելու Սահմանադրությամբ ամրագրված մեր ինքնիշխանությունը, այլեւ իրենց գործունեությամբ բարձրացնելու են բոլոր ժամանակների իշխանությունների կողմից թուլացրած մեր անկախության մակարդակը: Մենք մերժում ենք 5-րդ շարասյուն հանդիսացող ուժերի միութենական նկրտումները»:

Ներկայացնելով իր թիմը՝ Սանասարյանն ասաց, որ նրանք քաղաքական եւ քաղաքացիական անզիջում պայքարներով անցած մարդիկ են, ովքեր մեր  երկրի անվտանգությանը սպառնացող իրավիճակներում որպես կամավորներ եղել են Արցախի ամենավտանգավոր կետերում ու թշնամու թիկունքում ջախջախել եւ կասեցրել թշնամու առաջխաղացումը, թիմի անդամներ են մարդիկ, ովքեր մանկավարժներ եւ գիտությունների թեկնածուներ են, ֆերմերներ եւ ձեռնարկատերեր են, պարզապես Հայաստանը սիրող մարդիկ:

Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք ձեզ չենք ասում, որ լավ է լինելու: Մենք վստահեցնում ենք, որ ականատես եք լինելու տքնաջան աշխատանքի, նվիրումի, սիրո եւ հավատարմության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930