Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախեւառաջ ու մեծապես մեղավոր են Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, մենք միասին պետք է պատասխան պահանջենք օրվա իշխանություններից». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 23,2021 21:21

Հայաստանի օրհներգով այսօր մեկնարկեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագիրն ու վարչության կազմը:

Կուսակցության հիմնադիրներից Դավիթ Սանասարյանն իր ելույթում ասաց. «Ուղիղ 3 տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ՝ ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ ընդունեց իր սխալը: Հենց այս օրը փողոցները ողողված էին հաղթանակի բերկրանքի, հուզմունքի, ուրախության  ճիչերի ու ամենատարբեր դրական էմոցիաների դրսեւորմամբ: Այդ օրը մինչ բոլորդ ցնծում էիք, ես անազատության մեջ ականատեսն էի լինում, թե ինչպես է ներսից ճաքում, փլուզվում ռեժիմը, ինչպես էին իրավապահ մարմնի աշխատողներ ուրախանում, որ վերջապես ազատվեցին հանցավոր ռեժիմից եւ նրանց տված ապօրինի հրահանգներից: Բոլորն էին այդ օրը մտածել, որ ազատվել են չարիքի իշխանությունից, Հայաստանը հարստահարած կլանից: Այդ օրվանից սկսած մեզնից յուրաքանչյուրը նոր հույսով է լցվել ապագայի հանդեպ, նորից երազել արդար, հզոր, ժողովրդավար, ինքնիշխան Հայաստան: Հեղափոխությունից անցել է ուղիղ երեք տարի, բայց մեր երազանքները գրեթե ամբողջությամբ մնում են անկատար»:

Դավիթ Սանասարյանն ընդունում է, որ որոշ փոփոխություններ երկրում կատարվել են, բայց դրանց ծավալն ու բովանդակությունը չի համապատասխանում հեղափոխության հարթակից ու այլ ամբիոններից տրված խոստումներին. «Երեք տարին բավարար ժամանակ էր, որ կատարեին համակարգային լուրջ փոփոխություններ: Իշխանությունները կարող էին փոփոխություններ կատարել զինված ուժերում, դատաիրավական համակարգում, իրավապահ համակարգում եւ այլ առանցքային մարմիններում: Իրականում կյանքը ցույց տվեց, որ անկարող էին ու անկարող են: Թե ինչու՝ դեռ պետք է միասին հասկանանք: Այս անգործության, չարած խոստումների կամ կիսաքայլերի համար պատասխանատու է օրվա իշխանությունը: 3 տարի է անցել, բայց տպավորություն է ստեղծվում, թե երկրի վարչապետը ընդդիմադիր ուժի առաջնորդ է: Եթե նախկին հանցավոր իշխանությունները նորից սպառնալիք են ներկայացնում ու գոռում, սպառնում ժողովրդին ու նրա ընտրած իշխանություններին, դրանում միայն նրանք չեն մեղավոր: Նախեւառաջ ու մեծապես մեղավոր են Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները: Անիշխանության համար մենք միասին պետք է պատասխան պահանջենք օրվա իշխանություններից: Ատելությունը կազմաքանդում է մեր պետությունը: Այդ ատելությունը չի կարող որեւէ դրական տեղ հասցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930