Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի ունեցավ Հերոսների վերականգնողական քաղաք նախագծի հոգեբանական կենտրոնի հողատարածքի օրհնության արարողությունը: Բացվեցին նաեւ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի եւ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հուշատախտակները: Նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է:
Նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը կատարվեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Ի հիշատակ Ապրիլյան պատերազմի հերոսների՝ իրականացվեց նաեւ ծառատունկ: Միջոցառմանը ի թիվս այլոց՝ ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Կարդացեք նաև
«Մեր նախագիծն ասես Աստծով էր, որովհետեւ այսքան կարգին մարդիկ են այս նախագծում ընդգրկվել: Ընդ որում, պարոն մարզպետն էլ այն մարդկանցից էր, որին նամակով չենք դիմել, անձամբ ինքն է կապվել եւ հրավիրել բանակցությունների: Պարոն մարզպետի՝ Մեսրոպ Մեսրոպյանի հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց Սուրեն Արեենցը: Նա նշեց, որ QR կոդով կարելի է կարդալ ինչպես հերոսների մասին տեղեկատվություն, այնպես էլ Հերոսների վերականգնողական քաղաք նախագծի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից: