«Ապրիլի 22-ին, վաղ առավոտյան Գորիսի իմ տնից են բերման ենթարկել, սկզբում բերեցին քննչական կոմիտե, հետո ապօրինաբար տեղափոխեցին Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ուրբաթ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։
«Մի պղծված անձնավորություն, չեմ կարող ասել՝ ով է, հետո կհայտարարեմ, թե ով էր այդ մարդը, այսպես կոչված պաշտոնավոր ոստիկան որոշ չափով այլանդակություններ թույլ տվեց իմ հետ կապված, բայց դրա պատասխանը իրենք օրենքի դաշտում կարծում եմ, որ պետք է տան, իսկ եթե օրենքի դաշտում չտան պատասխան, այ դրանից հետո նոր ես կխոսեմ այդ ամենի մասին»,- ասաց Հովսեփյանը։
Իր եւ մյուս սյունեցիների ձերբակալությունները Մենուա Հովսեփյանը իմիտացիոն շոու է համարում եւ «ողջույններ» հղեց «մեր մեծ շոումենիստ, շոու սիրող եւ ստի մեջ շաղախված վարչապետին»։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը իշխանություններին հիշեցնում է, որ նման ձեւով նման՝ հայի տեսակին ոչ հարիր պահվածքով հարցեր չեն լուծում։
«Սյունեցին միշտ պահելու է իր արժանապատվությունը»,–ասաց Մենուա Հովսեփյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ