Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության այգին, որը տրամադրվել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամին, շուտով կբարեկարգվի։
Այգու վերանորոգման խորհրդանշական իրադարձությունը տեղի էր ունեցել դեռ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Գյումրիում անցկացվում էին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները։ Այդ ժամանակ էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մանրամասնել էր, որ երկրաշարժից հետո այգու տարածքում տեղադրված տնակներում բնակվող 22 անօթևան ընտանիքի ապահովել են բնակարաններով, 7 հեկտար տարածություն են ազատել ներդրման համար: Նա նաև նշել էր, որ բնակիչներին իրենց ընտրությամբ բնակարաններ տրվել էին IDeA և «Ազնավուր» հիմնադրամների կողմից։ Ծրագիրը 10 միլիոն դոլար արժողությամբ է, ծրագրին մասնակցություն ունի նաև կառավարությունը, վերջինիս մասնաբաժինը մեկ միլիոն դոլարից ավելի է։
Թե ինչ տեսք կունենա Բարեկամության այգին, այսօր «Ուրբանիստա» կայքի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էին լուսանկարները՝ հետևյալ տեղեկատվությամբ․ «Գյումրիի Բարեկամության այգին, որի բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն մոտակա ժամանակ, տարվա բոլոր եղանակներին գործելու է նույն ակտիվությամբ: Մշակվել է միջազգային, տարածաշրջանային և լոկալ միջոցառումների ուղեցույց, որը հնարավորություն կընձեռի ապահովել արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի հոսք Գյումրի քաղաք»:
Կարդացեք նաև
Օգտատերերը մեծ ոգևորությամբ են արձագանքել այս լուրին՝ լուսանկարների տակ այն երազանքների այգի անվանելով։ Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում էլ նրանք հանդես են եկել առաջարկներով․ գյումրեցի փորձառու լրագրողներից մեկը՝ Գեղամ Մկրտչյանը, գրել է․ «Մի քիչ հիշեցներ մեր հարազատ նախորդ այգին, նաև պահպաներ տեղական դիմագիծը՝ ծառատեսակներով և այլ մանրամասներով…» ։ Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել է՝աշխատատեղեր կստեղվե՞ն Շիրակի մարզի ու Գյումրու բնակիչների համար։
Քիչ չեն այն մարդիկ, որոնք գրում են․ «Ինչ գեղեցիկ է, Աստված տա, իրականություն դառնա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ