Խորհրդարանի ուշադրության կենտրոնում ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերն էին
Ապրիլի 23-ին խորհրդարանում քննարկում կազմակերպեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Առանցքում Հայաստանում երթեւեկության անվտանգությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ֆինանսների նախարարության, Ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ:
Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ-ում բավականին մտահոգիչ են վթարների եւ վրաերթերի հետեւանքով մահվան ու քաղաքացիների առողջությանը պատճառած վնասների դեպքերով վիճակագրական տվյալները: Դրանք հաճախ պայմանավորված են ճանապարհային երթեւեկության սխալ կարգավորմամբ: Գործող օրենսդրությամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Երեւանի եւ միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհների վերահսկողության դեպքերում: Բաղդասարյանի գնահատմամբ՝ այն հանգեցնում է վթարների եւ վրաերթերի աճին:
«Առաջարկություն ենք ներկայացրել, որ մի մարմինը սահմանի նախագծման աշխատանքները, մեկ այլ մարմին՝ համայնքը, կազմակերպի երթեւեկության տեխնիկական միջոցների (ճանապարհային նշանների, լուսացույցների, գծանշումների, պաշտպանիչ եւ այլ միջոցների) տեղադրումը, իսկ ՀՀ ոստիկանությունը վերահսկի գործընթացը, որպեսզի տեխնիկական միջոցները տեղադրված լինեն գործող օրենսդրությանը համահունչ եւ ենթաօրենսդրական ակտերում սահմանված չափանիշներով»,-ընդգծեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Պատգամավորի խոսքով՝ երկրում մի իրավիճակ է, երբ երթեւեկության նշանները տեղադրված են ծառերը ծածկող հատվածում, գծանշումներն անորակ են, միջպետականից համայնքային ճանապարհ տանող հատվածները սխալ են կառուցապատված: «Այս բոլոր թերությունները կվերացվեն, երբ հստակ սահմանվեն պատասխանատուները»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Խնդիրը քննարկվել է Գյումրու քաղաքապետի, Լոռու եւ Շիրակի մարզերի համայնքների ներկայացուցիչների հետ: Վերջիններս դրական են արձագանքել առաջարկվող փոփոխությանը:
Ներկաներն առաջարկեցին տարանջատել կարգավորումը Երեւանի եւ համայնքային նշանակության ճանապարհների համար: Նշվեց, որ այս հարցում Կառավարությունը պետական բյուջեի քննարկման ժամանակ որպես պատվիրակված լիազորություն պետք է ֆինանսավորի Երեւան համայնքին:
Կողմերը եկան համաձայնության, որ Երեւանի դեպքում համայնքը պետք է տեղադրի երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնի եւ մշակի երթեւեկության սխեմաները:
ՀՀ Ազգային ժողով