Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաների բժիշկներին ու ծառայության որակին չեն վստահում

Ապրիլ 23,2021 18:55

Պոլիկլինիկաներ չդիմելը հիմնականում պայմանավորված է բժիշկներին չվստահելով, ինչպես նաեւ ծառայության որակի նկատմամբ վստահության բացակայությամբ: Այսպիսի եզրահանգման են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որոնք ուսումնասիրել են քաղաքացիների բողոքները:

Այսօր ՄԻՊ գրասենյակի Սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ասաց, որ անվստահությունից ելնելով էլ քաղաքացիները միանգամից դիմում են հիվանդանոց՝ շրջանցելով բժշկության առաջնային օղակը՝ ակնկալելով, որ հիվանդանոցներում ավելի բարձր որակի ծառայություններ կստանան: Տիկին Սարգսյանն ասաց, որ որոշ դեպքերում քաղաքացիներն իրազեկված չեն թե պոլիկլինիկաներում ինչպիսի ծառայություններ են մատուցվում. «Պետք է մարդկանց պարբերաբար իրազեկել, ասել՝ ինչպիսի ծառայություններ են մատուցվում, ասել, որ դրանք անվճար են»:

Կորոնավիրուսի համավարակի պիկի ժամանակաշրջանում, գրասենյակը հիմնականում բողոքները ստացել է չհոսպիտալացվելու եւ հակաբիոտիկներ չտրամադրելու վերաբերյալ:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը գտնում է, որ պոլիկլինիկաներին չվստահելու խնդիրը գալիս է
դեռեւս Խորհրդային տարիներից, երբ շեշտը հիմնականում դրված էր հիվանդանոցային ծառայությունների ծավալի շեշտակի ավելացման վրա, երբ ոչ պաշտոնապես քաղաքացիներն ուղղորդվել են հիվանդանոցներ: Ըստ նրա, անկախությունից հետո, երբ ներդրվեց ընտանեկան բժշկի ինստիտուտը, առաջնային բուժօգնության օղակը որոշ չափով զարգացում է ապրել, սակայն հիմնականում գյուղական համայնքներում. «Քաղաքային համայնքներում այդ բարեփոխումները մնացին անավարտ: Եթե առաջնային օղակը չլինի առողջապահությունը կփլուզվի: Տարեկան ունենում ենք 4 հազար այց բուժհաստատություններ, բայց 12 միլիոն այց՝ պոլիկլինիկաներ»:

Թե ինչու չեն վստահում պոլիկլինիկաներին, Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ պատճառը նաեւ մարդկային կապիտալի զարգացման շարունակականության բացակայությունն է, նյութատեխնիկական բազան, որը բարելավման կարիք ունի, մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը եւ կազմակերպչական խնդիրները: Նրա կարծիքով, առաջնային օղակը պետք է կատարի դարպասապահի դեր:

Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանը նույնպես գտնում է, որ հատկապես Երեւանում ընտանեկան բժշկի ինստիտուտը չի կայացել, քանի որ որպես ընտանեկան բժիշկներ վերապատրաստվածները շարունակեցին հին ձեւով աշխատել՝ որպես թերապեւտ եւ մանկաբույժ եւ բարեփոխումները կիսատ մնացին: Սամվել Հայրումյանը գտնում է, որ հարցը կլուծվի համապարփակ առողջապահական ապահովագրության ներդրմամբ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանը համամիտ չէ, որ քաղաքացիները խուսափում են պոլիկլինիկաներ այցելելուց: Նրա տվյալներով, Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 24 առաջնային օղակներ 40-45 հազար այց է լինում եւ այդ թիվն անընդհատ աճում է:

Ըստ տիկին Չարխիֆալաքյանի, վերջին 8 տարիների ընթացքում պոլիկլինիկաներում ե՛ւ շինարարական աշխատանքներ են կատարվում եւ տեխնիկակական հագեցվածության խնդիրն են լուծում, բժիշկների բուժքույրերի վերապատրաստման աշխատանքներ են իրականացնում:

Ասաց նաեւ, որ առաջնային բուժօգնության օղակում, հատկապես բնակչության փոքր թվաքանակ սպասարկող պոլիկլինիկաներում ներկայումս թերապեւտների, մանկաբուժների, ուռուցքաբանների կարիք կա եւ քանի որ ցածր է աշխատավարձը, մասնագետները չեն համաձայնում այդ պայմաններում աշխատել:

Քաղաքապետարանի պաշտոնյան չի բացառում, որ քաղաքացիների կողմից, հատկապես ՔՈՎԻԴ-ի օրերին բողոքներ են լինում, սակայն չի գտնում, որ մեղավորը հենց բժիշկներն են: Նրա խոսքով, իրավիճակն աննախադեպ է եւ առաջին անգամ է, որ համակարգը բախվել է նման խնդրի եւ չնայած նրան, որ աշխատանքները համակարգվել են գիշեր եւ ցերեկ, միեւնույն է, խնդիրներ ծագել են: Նրա խոսքով, գուցե ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք բժշկի լուծում տալու հարցերը չեն եղել եւ վեր է եղել նրա աշխատանքից. «Այսինքն՝ բժիշկը չի կարող աշխատել առանց նախարարի հրամանի, առանց չափորոշիչի, գուցե քաղաքացիների դժգոհությունը դա էլ է առաջացրել: Քաղաքացիները զանգելով բժշկին ակնկալում են, որ իրենց խնդիրը 100 տոկոսով կլուծվի»:

Ինչ վերաբերում է իրազեկվածության պակասին՝ ինչ ծառայություններ կան պոլիկլինիկաներում, որոնց մասին քաղաքացիները չգիտեն, ապա, քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ «Նախարարի հրամանով 24 պոլիկլինիկաներում փակցված է տեղեկատվություն, թե որ ծառայություներ են անվճար, բայց քաղաքացին պետք է գնա պոլիկլինիկա, որպեսզի տեսնի այդ»: Ըստ նրա, իրազեկվածությունը բարձրացնելու համար պատրաստվում են հոլովակների տեսքով ներկայացնել՝ ինչ ծառայություններ կարող են ստանալ առաջնային օղակում:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը եւս փաստեց, որ խնդիրները հիմնականում կազմակերպչական են: Ընդ որում բժիշկները եւս ունեն դժգոհություններ, մասնավորապես՝ առաջարկելով բարելավել ու թղթային փաստաթղթաշրջանառությունը փոխարինել էլեկտրոնային տարբերակով եւ այն բարելավել: Նա էլ ասաց, որ հիմնական բողոքները ստացել են ՔՈՎԻԴ-ի ժամանակաշրջանում: Խնդիր համարեց նաեւ այն, որ պոլիկլինիկաների բժիշկները հաճախ ստիպված են լինում իրենց նեղ մասնագիտությունից դուրս բուժօգնություն տրամադրել: Ֆինանսական բաղադրիչը նույնպես բժիշկների համար լուրջ խնդիր է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930