Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում

Ապրիլ 23,2021 19:07

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձան հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։

Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվեց ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930