Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի ղեկավարը կարևորում  է Արցախի հստակ կարգավիճակի հարցը

Ապրիլ 23,2021 19:01

Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը  ներկայացրել է  հետպատերազմյան շրջանում Արցախի  Հանրապետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադառնալով  44-օրյա պատերազմին՝ ԱԺ նախագահը  շեշտել է, որ պատերազմի անմիջական կառավարիչը  եղել է Ադրբեջանի դաշնակից  Թուրքիան, և պատերազմի ելքն էլ վճռվել է հենց Թուրքիայի ունեցած հաջողության շնորհիվ: Խոսելով Արցախի ապագայի մասին՝ խորհրդարանի ղեկավարը միանշանակ կարևորում  է Արցախի հստակ կարգավիճակի հարցը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ներկայացրել Արցախ այցի նպատակը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել  մշտապես Արցախի ժողովրդի կողքին լինելու և աջակցելու:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ներառական կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ ԱՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ մի խումբ մասնագետների ուղեկցությամբ 5-օրյա վերապատրաստման դասընթացներ են  կազմակերպել Արցախի հոգեբանների, հատուկ մանկավարժների և լոգոպեդների համար: Նպատակը կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների բարելավումն է, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության խմբի մասնագետների գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում ներկաները խոսել են ներառական կրթության առանձնահատկությունների, խնդիրների , ծրագրի նկատմամբ ձևավորված վերաբերմունքի, թիմային աշխատանքի, ծնող- ուսուցիչ- կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտ փոխհամագործակցության և   առհասարակ  ներառականության ու ոլորտի կարևորության մասին:

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը կարևորել է նման հանդիպումները հատկապես Արցախի համար այս բարդ ժամանակաշրջանում, և երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը դարձնել  շարունակական:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930