Քաղաքագետ Էդգար Էլբակյանի հավաստմամբ՝ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նաև երևում է լեզվական մակարդակում: «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ նա հիշեցրեց՝ արցախյան 44-օրյա պատերազմում «ալլահ աքբար» արտահայտությունը հաճախ էինք լսում ադրբեջանցի զինվորներից, ինչը մինչ այդ նկատելի չէր: Կամ երբ սկսեցին մեծարել Իլհամ Ալիևի կերպարը, նրան անվանեցին ռայիս, որը փոխառություն է թուրքական միջավայրից: Մյուսն արաբերենից վերցված ֆաթեհ արտահայտությունն է, որը նշանակում է նվաճող: Էդգար Էլբակյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ադրբեջանցի զինվորներին, որոնք կռվել են Շուշիում, անվանում էին «շուշա ֆաթեհ»՝ Շուշին նվաճող:
Ըստ քաղաքագետի՝ Իլհամ Ալիևը նաև ներքին խնդիրներ ունի: Նա խթանում է հայատյացությունը, հակահայկականության առանցքի շուրջ փորձում է պահպանել ներսում իր լեգիտիմությունը: Այս առիթով նա մանրամասնեց. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի գործող իշխանությունների գործողությունները մի կողմից կարող են կասկածի տակ դրվել ներսում՝ կապված Արցախում հաղթանակի հետ, մյուս կողմից ընթանալու է պայքար այդ հաղթանակում օգնելու համար. Ռուսաստանը, ունենալով Ադրբեջանի դե ֆակտո տարածքում ռազմական բազա, փորձելու է դրանից դիվիդենտներ քաղել, Թուրքիան՝ իր հերթին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ