Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն առանց թույլտվության չի մտել Շուռնուխի բնակչի տուն. Լիլիթ Մակունց

Ապրիլ 23,2021 18:45

ՔՊ վարչությունը դեռ վերջնական որոշում չունի՝ հունիսի 20-ին հայտարարված ընտրություններին ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց ՀՀ աշխատանքի սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանը, Լիլիթ Մակունցն ասաց`ճիշտ կլինի հարցի պատասխանը նրանից ստանալ: Մամուլում տեղեկություններ եան, որ վերջինիս ղեկավարած կուսակցությունը եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով եւ հենց նախընտրական պատրաստություններն են Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի պատճառը: Լիլիթ Մակունցը ասաց, որ մամուլից տեղյակ է այդ հրապարակումներին, բայց ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ ՔՊ վարչությունում քննարկումները դեռ չեն ավարտվել:

Հարցին`ե՞րբ է սպասվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ավելի վաղ, նա ասել էր, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ այսօր արդեն ապրիլի 23-ն է, կարծում եմ, առաջիկայում կլինի վարչապետի հրաժարականը»: Հրաժարականի հստակ օր նա դժվարացավ հրապարակել:

Երեք տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, որի ղեկավարած ուժն իշխանության եկավ բազմաթիվ խոստումներով. Լրագրողները հետաքրքրվեցին`երեք տարի անց ո՞րն է իրենց իշխանության ձեռքբերումը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Այն ժողովրդավարական բարեփոխումները եւ փոփոխությունները, որին հետեւողականորեն գնում է Հայաստանը եւ ազատ քաղաքացին»: Ի դեպ, ըստ նրա, այս թեման առաջիկա քարոզարշավի հիմնական քննարկման հարցն է լինելու:

Լրագրողներից մեկը նկատեց`բազմաթիվ հիասթափված մարդիկ կան. նրանք հույսեր են կապել գործող իշխանության հետ, սակայն, ապարդյուն: Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Հուսամ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, մենք մեր արած գործողությունների մասին կկարողանանք հստակ ներկայացնել քաղաքացիներին`շատ փաստարկված: Կներկայացնենք նաեւ այն ամենն, ինչը չենք հասցրել անել»: Նա հավելեց, որ ամենն, ինչ-որ ցանկացել են անել, այնպես չէ, որ հասցրել են: Լիլիթ Մակունցը նաեւ դժվարացավ ասել իրենց իշխանության ամենամեծ բացթողումը որն է, թեեւ չհերքեց, որ բացթողումներ կան:

Պատասխանելով գերիների վերադարձի համար տարվող աշխատանքների մասին հարցին էլ, բանախոսն ասաց, որ դրա համար արվում է առավելագույնը, բայց արդյունքներից կխոսեն պատկան գերատեսչությունները:

Ի դեպ, Լիլիթ Մակունցը պնդեց, որ Սյունիք կատարած այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը առանց թույլտվության չի մտել Շուռնուխի բնակչի տուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930