Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը չի հիշում, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռազմի դաշտում դավաճանների մասին

Ապրիլ 23,2021 17:53

Նիկոլ Փաշինյանի`Սյունիքի մարզ այցի ընթացքում տեղի ունեցածը «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քաղաքական ակցիաներ չի համարում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իշխող ուժի ներկայացուցիչն ասաց`«Դրանք ակցիաներ էին`ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով»:

Լրագրողի դիտարկմանը`մարդիկ չունեի՞ն դժգոհելու առիթներ, մանավանդ, որ ունեզրկվել են, թշնամին էլ մի քանի մետր հեռավորության վրա է իրենցից, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ դժգոհելու առիթներ միշտ էլ լինելու են, լինելու են բոլոր իշխանությունների պարագայում: Հարցն, այստեղ, ըստ նրա, այն է, որ «կա միտում`ՀՀ-ն մասերի բաժանելու». «Դա նկատվում է, այո, առանձին ուղղորդված խմբակների կողմից, որը չի կարող ընդունելի լինել որեւէ երկրի քաղաքական ղեկավարության կողմից, եւ, նաեւ իրավապահ համակարգի»: Հարցին`ո՞վ է միտումնավոր փորձում երկիրը մասերի բաժանել`ընդդիմադիրնե՞րը, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ անուններ հնչեցնել չի կարող, քանի որ չգիտի: Բայց, կողքից հետեւելով իրադարձություններին եւ տեսնելով, թե ինչպիսի գործողություններ են ծավալվում, ինքն ունի նման տպավորություն, որ ամենն ուղղորդված է: Լրագրողի պնդումներին, թե ո՞ւմ կողմից է ուղղորդվում, Լիլիթ Մակունցը տվեց միեւնույն պատասխանը`անուններ չի կարող հնչեցնել, որովհետեւ չգիտի:

Հիշեցմանը, որ 2018-ի հասարակությունը բաժանողները հենց այսօրվա իշխանություններ էին, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Մեր գործողություններով մենք երբեւէ միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը: Ընդհակառակը: Եվ դա է պատճառը, որ 2018-ի մայիսից եղել են հայտարարություններ եւ եղել են գործողություններ, որոնք միտված են եղել, այսպես ասած, հնարավորություն տալու դաշտում բոլորին`թե դրսեւորվելու, թե ինքնադրսեւորվելու, թե իրենց մասնագիտական, թե պաշտոնական գործողություններում ունենալու հայաստանանպաստ, ՀՀ շահերը սպասարկող վարքագիծ»:

Լիլիթ Մակունցի գնահատմամբ, հատկապես վերջին ամիսների ընթացքում, ՀՀ իշխանության գործողությունները որեւէ կերպ չեն մղել ՀՀ քաղաքացիներին ձեռնարկելու բաժանարար գործողություններ:

Լրագրողներից մեկը հիշեցրեց` հենց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի դաշտում կան դավաճաններ եւ ցայսօր անուններ չեն հնչեցվել ու հարցրեց`սա տարանջատիչ հայտարարություն չէ՞: Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այդ դեպքերով իրավապահներն են զբաղվում, արդյունքներից ինքը տեղյակ չէ ու իրավասու էլ չէ մանրամասներ հնչեցնել: Լրագրողի պնդմանը`արդյո՞ք պատերազմի օրերին վարչապետի կողմից արված այդ հայտարարությունը տարանջատիչ չէ, իշխող ուժի խմբակցության ղեկավարը կրկին խուսափողական պատասխաններ տվեց` նաեւ ասելով, որ չի հիշում, որ պատերազմի 3-4 օրերին նման հայտարարություններ են եղել, բայց հավելեց, որ այդ դրսեւորումների, առհասարակ, պատերազմի բոլոր դրվագներով քննություններ կլինեն, հետո միայն հնարավոր կլինի եզրահանգումներ անել:

Հիշեցնենք, որ 2020 հոկտեմբեր 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ նրա՝ «Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930