ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանյութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնում գտնվող «Կաթնաղբյուր» կոչվող հանդամաս, որտեղ բենզասղոցի գործադրմամբ միայնակ ապօրինի հատել է 30 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի կանգուն ծառեր, այնուհետև առանց թույլտվության վերոնշյալ ավտոմեքենայով տեղափոխել է այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի 1.297.500 ՀՀ դրամի վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին