Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում․ «Sputnik V»-ով պատվաստվել են ուզում քաղաքացիների 75.8%-ը, «AstraZeneca»-ով՝ 9.2%-ը

Ապրիլ 23,2021 17:21

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն ապրիլի 17-19-ին 1000 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հայաստանցիների պատրաստակամության մասին։

Ըստ այս հարցման, հայաստանցիների 48.1%-ը պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 51.9% -ը՝ ոչ։

Պատվաստվել ցանկացողներից 75.8%-ը հայտնել է, որ ցանկանում է ռուսական «Sputnik V»-ով պատվաստվել, «AstraZeneca»-ով՝ 9.2%-ը։ 10%-ը ցանկանում է պատվաստվել ամերիկյան պատվաստանյութով, իսկ բացի «Sputnik V»-ից եւ «AstraZeneca»-ից՝ այլ ցանկացած պատվաստանյութով պատրաստ են պատվաստվել 0.6%-ը։

2.9%-ը պատասխանել է՝ երկիրը նշանակություն չունի, իսկ 10.5%-ը դժվարացել է պատասխանել։

Ռուսական արտադրության «Sputnik V»-ով պատվաստվելու ցանկություն են հայտնել ամենաշատը գյուղական բնակավայրերի քաղաքացիները՝ 78.9% -ը, մայրաքաղաքի բնակչության 76.5%-ն է ռուսական պատվաստանյութով ուզում պատվաստվել, իսկ այլ քաղաքների բնակիչների՝ 70.5%-ը։

«AstraZeneca»-ի հանդեպ վստահությունն ավելի է քիչ է․ երեւանցիների 10.9%-ն է, որ ուզում է այս պատվաստանյութն ընդունել, գյուղաբնակների՝ 6.9%-ը, այլ քաղաքների բնակիչների՝ 10.1%-ը։

Գյուղական բնակավայրեր 2.3%-ն ասել է՝ երկիրը նշանակություն չունի։ Պատվաստանյութի ծագման երկրին նշանակություն չեն տալիս ՀՀ այլ քաղաքներում հարցվածների 3.1%-ը, Երեւանի՝ 3.3%-ը։ Պատվաստանյութի արտադրության երկիրը նշանակություն ունի՞, թե՞ ոչ, դժվարացել են պատասխանել գյուղաբնակների 10.9%-ը, այլ քաղաքների՝ 14.7%-ը, Երեւանի՝ 7.1%-ը։

Գյուղաբնակների 0.6%-ը գերադասում է ամերիկյան պատվաստանյութ, այլ քաղաքների բնակիչների 0.8%-ն է ամերիկյան պատվաստանյութ ուզում, երեւանցիների՝ 1.6%-ը։

Ավելի ուշագրավ է հարցվածների պատասխաններն ըստ տարիքի։

«Sputnik V»-ով ցանկություն ունեն պատվաստվել 65+ տարիքի հարցվածների 86.4%-ը, 55-64 տարիքի անձանց 81.6%-ը, 45-54 տարիքի անձանց 74.4%-ը, 35-44 տարեկան անձանց 72.6%-ը, 25-34 տարեկանների 72.8%-ը եւ 18-24 տարեկան քաղաքացիների 68.1%-ը։

«AstraZeneca»-ին վստահում են ավելի երիտասարդները, թեեւ նրանց թիվն է, համեմատության մեջ, մեծ չէ։

Հարցված 65+ տարիքի քաղաքացիների ընդամենը 2.5%-ն է, որ պատրաստակամություն է հայտնել «AstraZeneca»-ով պատվաստվելու, իսկ 55-64 տարիքի անձանց 3.9%-ը, 45-54 տարիքի անձանց 7.3%-ը, 35-44 տարեկանների 11.3%-ը, 25-34 տարեկանների 5.4%-ը, 18-24 տարեկանների 23.4%-ը։

65+ տարիքի հարցված քաղաքացիների 2.5%-ն է գերադասում ամերիկյան պատվաստանյութ, իսկ 55-64 տարիքի անձանց՝ 1.3%-ը, 45-54 տարիքի անձանց՝ 2.4% -ը։

Բացի «Sputnik V»-ից եւ «AstraZeneca»-ից՝ ցանկացած այլ պատվաստանյութով պատվաստվելու ցանկություն են հայտնել 55-64 տարեկան քաղաքացիների 1.3%-ը, 35-44 տարեկան քաղաքացիների՝ 1.6%-ը, 18-24 տարեկան քաղաքացիների՝ 1.1%-ը։

Պատվաստանյութի արտադրման երկրին նշանակություն չեն տալիս 65+ տարիքի անձանց 1.2%-ը, 55-64 տարեկանների՝ 2.6%-ը, 45-54 տարիքի անձանց՝ 4.9%-ը, 35-44 տարիքի անձանց՝ 1.6%-ը, 25-34 տարեկանների՝ 4.3%-ը եւ 18-24 տարեկանների՝ 2.1%-ը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930