Արթուր Սահակյանը, որը 2010 թվականից ծառայել է Ոստիկանության ներքին զորքերում, պայմանագրային զինծառայող էր։ Աշխատանքի բնույթը քաղաքային ծառայությունն էր, հասարակական վայրերի կարգ ու կանոնի ապահովումը։ Պատերազմի սկզբում եղել է Քարվաճառում, նոյեմբերի 2-ից տեղափոխվել Շուշի։
Արթուրի կինն ու հարազատները միայն դրական հիշողություններ ունեն Արթուրից։
«Ամուսինս երկար տարիներ աշխատել է ոստիկանության ներքին զորքերում: Իր համար հայն ու հայրենիքը միշտ եղել են առաջին տեղում։ Մեր ընտանիքում Արթուրը դեռ մանկությունից երեխաներիս մեջ սերմանել է սեր հայրենիքի հանդեպ: Մենք ապրում էինք ճիշտ զինվորականի ընտանիքի նման. խստությունն իր տեղում, կարգապահությունն` իր: Ամուսինս շատ հոգատար ու լավ հայր է եղել իր երեխաների համար, իսկ ինձ համար՝ լավ ամուսին։ Մենք ծանոթացել ենք շատ պատահական՝ վիճաբանության արդյունքում, և այդպես սկսել ենք մտերմանալ»,-պատմում էր Արթուրի կինը` Ելենան։
Արթուրը ծնվել և ապրել է Արարատի մարզում: Ամուսնանալուց մեկ տարի հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Կարդացեք նաև
«Մենք տեղափոխվել ենք Երևան և ապրել վարձով: Այդ ժամանակ ես մագիստրատուրայում էի սովորում՝ որպես ատամնաբույժ: Ունեցել ենք շատ ու շատ ֆինանսական դժվարություններ, բայց գեթ մեկ վայրկյան մեր սերը չի պակասել: Արթուրն օր ու գիշեր անխնա աշխատել է, որպեսզի ես ոչնչից հետ չմնամ, օգնել է՝ ավարտեմ համալսարանս։ Ամուսնանալուց մեկ տարի անց ծնվել է մեր աղջիկը, այնուհետև տղաս։ Ամուսինս միշտ կանխազգում էր, որ շուտ է մահանալու, իսկ ես սարսափում էի էդ մտքից։ Երբ ինքը շրջափակման մեջ էր, զանգել էր, ուրախ -ուրախ խոսում էր: Ասում էր, որ ինձ ու էրեխեքին լավ նայեմ: Ես ինձ միայն մի բանով եմ երջանիկ համարում, որ իր մահվանից երկու ժամ առաջ լսել եմ իր ձայնը։
Մահվան մասին լսելուն պես մի վայրկյան անգամ իմ երեխաներից չեմ թաքցրել իրենց պապայի մահվան լուրը: Իրենք գիտեն, որ ունեն հերոս հայր, որն իր կյանքը մի րոպե անգամ չխնայեց հայրենիքի համար»,-հպարտությամբ ասում է Ելենան:
Արթուրի մոր հուշերում տղան իսկական հայ քաջորդի կմնա, մարդ, որը հանուն իր հայրենիքի ապագայի զոհեց իր կյանքը։ «Պատերազմը սկսվելուն պես Արթուրը, որպես կամավոր մեկնել է Արցախ, մեկնել է հաղթանակի ցանկությամբ:
Տղաս իր ծառայակից ընկերների հետ շատ ուրախ և մարտական տրամադրվածությամբ է գնացել կռվի: Իր մոտ չէր լինում խոսել պարտությունից, որովհետև միշտ ասում էր` հայից ուժեղ ազգ չկա։ Արթուրի կյանքում հայրենիքի դերը միշտ կարևոր ու առաջնային է եղել, այդպես է կրթվել ու դաստիարակվել: Նա միշտ ասում էր` եթե չլինի հայրենիք, չի լինի նաև ընտանիք։ Փոքր տարիքից որոշել էր, որ պիտի զինվորական դառնա ու ծառայի հայրենիքին, ու այդպես էլ եղավ»,- պատմում էր հերոսի մայրը։
Անի ՍԱՐԳՍՅԱՆ