Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնվում ենք մի տարածաշրջանում, որը նման է վառոդով լցված տակառի. մենք այդ տակառի համար ապահովում ենք միայն վառոդը». Վարդան Ոսկանյան

Ապրիլ 23,2021 16:08

«Երեկվա Թուրքիան այսօրվանը չէ, ինչպես ասում են՝ թուրքը մնում է թուրք, բայց Թուրքիան փոփոխվում է»,- «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Խոսելով Հարավային Կովկասում Թուրքիա-Իրան մրցակցության մասին՝ նա նկատեց՝ երկու պետություններն էլ գտնվում են դինամիկ զարգացման մեջ: Ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանն ավելի մեծ ռեսուրսներ ունի: Դրա համար էլ հիմա Թուրքիան փորձում է ամեն կերպ ամրագրել էրդողանական Թուրքիայի ձեռքբերումները:

Անդրադառնալով Իրանին՝ նա ասաց. «Իրանական պետությունը, սահմանափակված լինելով աշխարհի թիվ մեկ գերտերության հետ հակամարտությամբ, որը 40 տարի անընդմեջ տևում է, միևնույն է, այս համատեքստում իրանական պետականությանը հաջողվել է նաև դառնալ գերտերություն Մերձավոր Արևելքում: Ի տարբերություն Թուրքիայի՝ իրանական ռեսուրսների բազան անհամեմատ ավելի մեծ է»:

Անդրադառնալով թուրքական ներկայությանը տարածաշրջանում՝ նա ասաց. «Այդ կետերը ոչ միայն շահերի բախման տիրույթում են, այլև գաղափարախոսական: Համաթյուրանական գաղափարը Իրանին ձեռնտու չէ: Նույն Ադրբեջանին իր տիրույթից բաց թողնելու և Իրանի տարածքային ամբողջականության տեսանկյունից»:

Ամփոփելով՝ Վարդան Ոսկանյանը որոշ կանխատեսումներ արեց. «Իրանն աստիճանաբար սկսելու է ավելի մեծ կարևորություն տալ այս տարածաշրջանին: Հիմա նրա արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում: Վերջին պատերազմը պատերազմ էր նաև Իրանի դեմ: Այդ պատերազմը պատերազմ էր ոչ միան մեր, այլև Ռուսաստանի դեմ: Իրանցիների քաղաքական օրակարգում Հարավային Կովկասը, Հայաստանը և Ռուսաստանը շատ ավելի կարևոր տեղ են զբաղեցնում: Եթե հաշվի առնենք, որ նույնիսկ իմ նշած սահմանափակման քաղաքականության շրջանակներում էլ թուրքական ներկայությունն այս տարածաշրջանում կարծես սահմանափակվելու է, գումարած դրան ռուսական գործոնը, ապա մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը պատկերավոր ասած նման է վառոդով լցված տակառի: Ցավալի է այն, որ մենք այդ տակառի համար ապահովում ենք միայն վառոդը, իսկ արտաքին քաղաքական ուժերը շարունակելու են այս տարածաշրջանում մրցել: Մեր իմաստնությունը պիտի լինի այն, որ այդ մրցակցությունում գտնենք մեր տեղը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930