Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Աղաջանյանը` նոր երգերի եւ հայկական խորհրդանիշերը առաջ մղելու մասին

Ապրիլ 23,2021 15:47

Մոսկվաբնակ հասարակական գործիչ, «Տիր» հայագիտական կենտրոնի ղեկավար Դավիթ Աղաջանյանը, որը որպես ռեփ կատարող հայտնի է NAY 374 բեմական անունով, Aravot.am-հետ զրույցում ներկայացրեց իր նոր երգերը: «Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո շուրջ 4-5 ամիս ոչինչ չեմ գրել, բացառությամբ մի քանի տողանոց բանաստեղծության… Թվում էր, թե այլեւս երգ չեմ կարող գրել երկար ժամանակ, սակայն միանգամից ներսումս ինչ-որ բան արթնացավ եւ երկու երգ ծնվեց` հայերի ու Հայաստանի մասին: Առաջին երգը կոչվում է «Դու հայ ես» …Այն շատ արագ գրվեց, ընդամենը մեկ ժամում: Երաժշտությունը մոտավոր պատկերացում էի, թե ինչպես պետք է լինի, ռիթմի վրա եմ գրել, հետո ռիթմը ձայնագրեցի ու ուղարկեցի Մոսկվա` Արման Փահլեւանյանին, որի հետ շատ եմ աշխատել, շատ տաղանդավոր երաժիշտ է:

Մոտավոր ասացի, թե ինչ ոճի մեջ եմ պատկերացնում, ինչ գործիքներով, ու ինքը ստացավ իմ ուզածը, այնուհետեւ փոքր շտկումներից հետո ունեցանք երգը:

Մյուս երգը, որ կոչվում է «Հատուցում», նույնպես շատ արագ է գրվել: Դա էլ ծնվեց պատերազմի շրջանում տեղի ունեցած անհասկանալի բաներից` մեր նկատմամբ, թե մեր երկրի ներսում, թե արտաքին աշխարհի վերաբերմունքից: Փակված էի հոգեպես, որ գրեցի այս երգը, որ ամբողջ աշխարհը սպասում է մեզանից, որ հատուցում պահանջենք, վրեժխնդիր լինենք, բայց մենք այդ ընթացքում այլ բաների մասին էինք մտածում:

Ընդգծեմ, որ հատուկ նախատեսված չի եղել քաղաքական երանգ տալը` վարչապետին նվիրված երկու տող կա: Երբ իմ լավ ընկեր Վահան Բադասյանին բռնեցին, գրեցի երգը ու նշեցի, որ ի տարբերություն քո շրջապատի՝ նա կարգին մարդ է»,-նշեց NAY 374-ը:

Հավելեց, որ Երեւանի մասին նույնպես երգ է գրել, բայց առայժմ «փակագծեր» չբացեց: Ասաց, որ առաջին երկու երգերից առնվազն մեկը կունենա տեսահոլովակ:

Դավիթ Աղաջանյանը շուրջ 6 ամիս է, ինչ Հայաստանում է: Ասում է, որ հայկական իրականության մեջ է` թե դրական, թե բացասական առումով. «Այստեղ տեսնում եմ ամենանհոգ մարդկանց, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվել, եւ կան մարդիկ, որոնք ապրում են այն առօրյայով, կարծես թե իրենց որդին, ամուսինը, հարազատը այսօր է զոհվել կամ վիրավորվել… »: Հավելում է, որ նոր երգերը դրական արձագանքի են արժանացել, ինչն իրեն ոգեւորել է ու խթան հանդիսացել այլ երգեր ստեղծելու:

Դավիթ Աղաջանյանն ասում է, որ միշտ խոսափել է իր ստեղծագործություններում օգտագործել, շահարկել հայկական խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, դրանք համարելով սրբություն: Սակայն նոր երգերի դեպքում դրոշը, ազգայինը եկել են առաջին պլան, քանի որ միտում է տեսնում ազգայինը հետին պլան մղելու. «Ինձ մոտ պայթյուն եղավ, երգս կոչվեց «Դու հայ ես», երգի շապիկի վրա դրվեց Եռագույնը, ավելի ազգային դարձնելու համար ուրարտական գրերով գրվել են իմ եւ Միսակ Ոսկանյանի անունները, ինչում մեզ օգնել է Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը…Մի խոսքով, ստացվեց ուժեղ, պրոհայկական վիճակ: Երկրորդ երգի շապիկի վրա էլ քրիստոնեական խաչն է նաեւ արեւախաչեր, որոնք նախաքրիստոնեական շրջանի հայկական խորհրդանիշեր են»:

Դավիթ Աղաջանյանը հավելեց, որ երկու նոր երգերի նպատակն այն էր, որ ապրիլի 24-ի նախօրեին ավելի արթնացվի ազգային ոգին եւ պահանջատիրության տրամադրությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930