Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք քաղաքագետ. Ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի այսօրվա իշխանությունները նախկինից ավելի վատն են. Ermenihaber

Ապրիլ 23,2021 14:46

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հարցազրույց է անցկացրել թուրք հայտնի քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ Աքթարի հետ:

Նա ճանաչում և դատապարտում է հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը։ Տարիներ առաջ հրապարակավ արտահայտվել էր. «Իմ խիղճը չի ընդունում ուրացումն ու անտարբերություն հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915-ին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքները և ցավերը ու ներողություն խնդրում նրանցից»։

Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

– Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլի քսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում:

– Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով: Հնարավոր չէ ասել, որ Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն է վարում ցանկացած հարցում, միայն փրկում է օրը: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, որևէ փոփոխություն չեմ ակնկալում (Թուրքիայի-խմբ.) հարյուրամյա քաղաքականության մեջ:

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց մինչև այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ի՞նչ եք կարծում Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

– Ինչպես բոլոր թեմային հետևողները, այնպես էլ ես, կարծում եմ, որ նախագահ Բայդենը կօգտագործի ցեղասպանություն բառը: Դա կլինի ոչ թե պատիժ ոչ ժողովրդավար Թուրքիային, այլ՝ ճշմարտության արտաբերում, որն ընդունում է յուրաքանչյուր խելացի մարդ: Մյուս կողմից Սպիտակ տնից Ամանդա Սլոթը և ուրիշներ, որոնք Անկարայի ռեժիմին շատ հանդուրժողականորեն վերաբերվելու կողմնակիցներ են, կարող են նախագահին հետ կանգնեցնել այդ որոշումից՝ ընդգծելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը:

– Ձեր կարծիքով, Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք երբ գան իշխանության Հայոց ցեղասպանությունը ժխտելու փոխարեն կընտրեն այն ճանաչելու ուղին:

– Բացի HDP-ից (Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-խմբ.)՝ ոչ: HDP-ն էլ հնարավոր չէ, որ իշխանության գա:

– Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան նոր նախապայմաններ առաջ բերի:

– Սահմանը բացելու համար որևէ խոչընդոտ չի մնացել, քանի որ արդեն վերացել է այն միակողմանի փակելու պատճառը: Սակայն Անկարայում առկա քաղաքական բալանսը նույնիսկ անհնար է դարձնում դրա (սահմանի բացման-խմբ.) առաջարկը: Նույն ձևով ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցությունը, «կարգավորման» հարցում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն էլ է անելանելի դարձնում:

– Ձեր կարծիքով, մինչև երբ կարող է շարունակվել Անկարայի ժխտողական քաղաքականությունը:

– Ժխտողականության հարցում այսօրվա ռեժիմը (Թուրքիայի ներկայիս իշխանությունը-խմբ.) նախկինից ավելի վատն է: Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը բավարար չափով տակնուվրա չի եղել, ինչի արդյունքում «քար տեղից կշարժվի» և հանրային համաձայնություն կձևավորի: Թուրքիայի աղետալի իրավիճակը գուցե՞ գլխիվայր շրջվելու սկիզբն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930