«Այո, պատիվ եմ ունեցել աշխատելու կառավարությունում, հնարավորություն եմ ունեցել հասարակական հիմունքներով իմ խորհուրդներով աջակցել երկրիս։ Աշխատանքս եղել է հետաքրքիր, չորս տարի առաջ եմ տեղափոխվել ՀՀ։ Հայաստանը գիտեմ մարզ առ մարզ»,-«Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ այսօր Aravot.am-ի եւ A1plus-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական, տնտեսագետ Մհեր Տերտերյանը։ Հետաքրքրվել էինք՝ Կարեն Կարապետյանը որեւէ առնչություն ունի՞ այս քաղաքական նախաձեռնությունում։
Մհեր Տերտերյանը նշեց․ «Աշխատանքս որեւէ ձեւով քաղաքականացված չէ մինչեւ այսօր։ Ուստի ներկաներից եւ նախկիններից որեւէ ուժ ներգրավված չէ մեր կուսակցության աշխատանքում, որեւէ ֆինանսավորում չենք ստանում այդ ուժերից։ Աշխատելու ենք ազնիվ եւ հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքներին»։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ որպես տնտեսագետ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ թե Ալիեւն ուզում է «Մեղրիի միջանցք», մենք էլ կուզենք «Նախիջեւանի միջանցք»․ ի՞նչ Նախիջեւանի միջանցքի մասին է խոսքը, եթե Իրանի հետ արդեն իսկ կապվում ենք Սյունիքով։ «Քաղաքական գործիչների ասածները չեմ կարեւորում եւ չեմ մեկնաբանում։ Թող իրենք պատասխան տան իրենց ասածների համար»,-նշեց Տերտերյանը։
Կարդացեք նաև
Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերի եւ դրանց հաջորդած ձերբակալությունների առնչությամբ էլ նա շեշտեց․ «Ժողովուրդը դիրքորոշում հայտնել է Սյունիքի դեպքերի վերաբերյալ։ Սյունիքը մենակ չի, ողջ հայ ազգն է կիսում սյունեցիների համոզմունքը։ Եթե հայ ազգն ասում է, որ հող չունի տալու, որեւէ նախկին եւ ներկա չի կարող այդ կամքին դեմ գնալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ