Լրահոս
Օրվա լրահոսը

23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով

Ապրիլ 23,2021 14:56

Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ծավալները բավականին մեծ են և ինձ գոհացնում են: 2020թ. մենք 12 մանկապարտեզ հանձնել ենք շահագործման: 2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնենք այս տարի, 13-ը՝ 2022թ»,- ընդգծել է քաղաքապետը:

Նախագծերի իրագործման գործում մոտեցումը հստակ է, ընտրված է հիմնանորոգման տարբերակը: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգվածները լուսավոր են, գունագեղ ու հարմարավետ խմբասենյակներով, ընդարձակ դահլիճով ու մարզասրահով: Հիմնանորոգման ծրագրով կարգի են բերվում տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Իրականացվում են նաև սեյսմիկ ամրացման ու ջերմամեկուսացման աշխատանքներ: Ծրագրի ավարտին որոշ մանկապարտեզներում հնարավորություն կստեղծվի տարածքներն ընդլայնել, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։

«Շատ կարևոր է, որ մանկապարտեզների հիմնանորոգումը հնարավորություն է տալիս լուծել բազում խնդիրներ: Առաջինը սեյսմակայունությունն է. ամենակարևորն ինձ համար երեխաների անվտանգությունն է, երկրորդը՝ էներգաարդյունավետությունն ենք մեծացնում, որը ևս կարևոր է և խնայողության հնարավորություն է տալիս: Այդ գումարները տնօրենները կուղղեն գույքի թարմացմանը և անհրաժեշտ այլ աշխատանքներին»,- նշել է Հայկ Մարությանը:

23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, իսկ 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով հիմնանորոգվող մանկապարտեզների համար 2021թ. համայնքային բյուջեից 2 մլրդ 100 մլն դրամ է հատկացվել:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրո վարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930