«Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացնելով ԽԱՊԿ 2021թ. առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում ծայրահեղ լարված եւ լրագրողական գործունեության համար խիստ անբարենպաստ պայմաններ են եղել:
«Հետպատերազմյան շրջան, լարվածություն, հասարակության շրջանում պառակտվածություն, բեւեռացում ԶԼՄ-ներում… Այս ամենն, իհարկե չէր կարող ստեղծել բարենպաստ միջավայր: Մենք բոլորս հիշում ենք, թե այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ինչպիսի իրադարձություններ եղան քաղաքական դաշտում, ընդդիմության ինչպիսի բողոքի ակցիաներ տեղի ունեցան, իսկ լրագրողները եւ օպերատորներն ինչպիսի ճնշումների ենթարկվեցին:
Այդ նույնը մենք նկատում էինք նաեւ իշխանական ակցիաներում`ԱԺ-ում, երբ լրագրողները փորձում էին մեկնաբանություններ ստանալ իշխանական ներկայացուցիչներից եւ կրկնում եմ` անհանդուրժողականության, ատելության, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտը, բարենպաստ պայմաններ չէր կարող ստեղծել լրագրողական գործունեության համար»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:
Նրա խոսքով, 2021թ առաջին եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 7 դեպք, ճնշումների թիվը ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ 20-ն է, տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը` 15: Մինչդեռ 2020-ի առաջին եռամսյակում բռնության դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019 թ առաջին եռամսյակում ընդամենը 2 դեպք է եղել:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարում, որ 2020թ ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել էր բռնության 6 դեպք, մինչդեռ միայն այս տարվա առաջին եռամսյակում` 7 դեպք է գրանցել 8 տուժողով:
Նա անդրադարձավ նաեւ ԲՏԱ նախարարի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի հանդեպ բռնություն կիրառելու միջադեպին. «Ի վերջո, նախարարն էլ ընդունելով իր սխալը հրաժարական տվեց: Դա աննախադեպ միջադեպ էր, ինչպիսին մեր դիտարկումների ընթացքում երբեք չէր ֆիքսվել»:
Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ բացի բռնությունից, տարատեսակ այլ ճնշումների 20 դեպքեր էլ են գրանցվել` այդ թվում սպառնալիքներ, խոչընդոտումները. «Դրանց մեջ են նաեւ այն միջադեպերը, երբ վիրավորական արտահայտություններով, արհամարհանքով կամ նսեմացման միտումով լրագրողական գործունեության խոչընդոտումներ են իրականացվում»:
Նա նաեւ շեշտեց, որ այդ 20 դեպքը 2,5 անգամ ավելի պակաս է, քան 2020թ առաջին եռամսյակում գրանցված դեպքերի թիվը. «Եվ դա պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա առաջին եռամսյակին համավարակի տարածումը կանխելու համար կառավարության կողմից սահմանափակող որոշումներ, գործողություններ եղան, որոնք ստիպում էին ԶԼՄ-ներին հեռացնել հրապարակումները: Ամեն դեպքում այս 20-ը շատ բարձր ցուցանիշ է»:
Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաեւ պետական գերատեսչությունների աշխատանքից ԶԼՄ-ների դժգոհությանը: Գերատեսչությունները հաճախ անհարկի ձգձգում են ԶԼՄ-ներին տրվելիք մեկնաբանություններն ու պատասխանները, չնայած նրան, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն պետք է հնգօրյա ժամկետը պահեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ