«Համոզված եմ, որ ժողովրդին մեր խոսքը հասանելի դարձնելու արդյունքում կունենանք հաջողություն։ Ցանկանում ենք հաջողություն ունենալ ԱԺ-ում եւ ձեւավորել կառավարություն»,-«Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ այսօր Aravot.am-ի եւ A1plus-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական, տնտեսագետ Մհեր Տերտերյանը՝ խոսելով հունիսի քսանին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
Միայնակ են մասնակցելու, թե դաշինքով, Տերտերյանն ասաց, որ այս ժամանակահատվածում կարեւորում է գաղտնիությունը․ «Երկու ամսում պետք է հասցնենք ձեւավորել մեր հանրային դեմքերը։ Կողմնակիցների մեծ համայնք ունենք։ Պետք է ապացուցենք՝ այն քաղաքական ուժն ենք, որի կողքին կանգնելը նպաստելու է երկրին»։
Հետաքրքրվեցինք՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ եղե՞լ են։
«Գործող քաղաքական ուժերն արդեն ձեւավորել են իրենց մոտեցումները։ Ով կարողացել է՝ իրեն արդեն վարկաբեկել է, ով կարողացել է՝ դիրքորոշումներն ասել է։ Մենք կարող ենք միայն այն անհատների հետ դաշնակից լինել, որոնք կիսում են մեր սկզբունքները։ Խոսելու ենք ազնիվ եւ քաղաքակիրթ։ Ատելության մթնոլորտում առանց քննադատության է պետք խոսել ապագայի մասին, որովհետեւ քննադատությամբ միայն ուրախացնում ենք թշնամիներին»,-պատասխանեց Մհեր Տերտերյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ պոպուլիստական արտահայտություններն արդեն արժեզրկել են իրենց․ «Վստահ եմ՝ այն քաղտեխնոլոգները, որոնք նման խորհուրդներ են տալիս, եւ այն քաղաքական գործիչները, որոնք ազգին, կներեք, էշի տեղ են դնում, պետք է արձակուրդ վերցնեն եւ չխանգարեն։ Շատ քաղտեխնոլոգներ ասում են, թե պետք է խաբես, խոստումներ տաս։ Ոչ, վաղվանից մեզ քրտնաջան աշխատանք է սպասվում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ